Կարելի էր չհանձնել Լաչինի և Քարվաճառի շրջանները․ Միքայել Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել

Ըստ Վատիկանում ՀՀ նախկին դեսպանի՝ տվյալ փաստաթուղթը առաջարկվել է հայկական կողմին հոկտեմբերի վերջին, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը այն մերժել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը Facebook-ում հրապարակել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստաթուղթ՝ նշելով, որ այն հոկտեմբերի վերջին առաջարկվել է հայկական կողմին։ Փաստաթուղթը մի քանի կետով տարբերվում է նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ հայտարարությունից։

Կարելի էր չհանձնել Լաչինի և Քարվաճառի շրջանները․ Միքայել Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել

«Այս փաստաթղթում հատուկ կետ կա գերիների և ռազմի դաշտում զոհվածների մասին։ Այնտեղ ասվում է. «Զինադադարից հետո պետք է սկսվի գերիների անհապաղ փոխանակում և դիերի հայտնաբերում»: «Անհապաղ» բառը կրկնվում է երկու անգամ։ Մի բան, որն իսպառ բացակայում է ստորագրված փաստաթղթում», - գրում է Մինասյանը։

Ստորագրեի՝ պիտի ասեին «Նիկոլ, դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր․ Փաշինյան

Նաև փաստաթղթում նշված չէ Լաչինի ու Քարվաճառի շրջանների հանձնման կետը, ինչպես նաև բացակայում է Սյունիքում Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող նոր ճանապարհի շինարարության մասին հատվածը։ Մինասյանի խոսքով՝ Փաշինյանը մերժել է այս փաստաթուղթը։

«Նիկոլը ստում է ու միշտ է ստել և երբեք չի զբաղվել ու չի կարող զբաղվել մեր ազգային հարցերով։ Նիկոլը, Աննան ու Արայիկը հենց հիմա իրենց ձեռքի տակ ունեն գրեթե ամբողջական ինֆորմացիան զոհերի, անհետ կորածների ու գերիների մասին։ Նրանց զեկուցել է ԱԱԾ-ն։ Գիտեն, ունեն և չեն հրապարակում՝ վախենալով հանրային տրամադրություններից», - գրել է Մինասյանը։

Նշենք, որ Մինասյանի հրապարակած փաստաթղթում համաձայն 6-րդ կետի հայկական կողմը պետք է հանձներ Ադրբեջանին Շուշի քաղաքը մինչև նոյեմբերի 10-ը, Աղդամի շրջանը՝ մինչև նոյեմբերի 5-ը, տարածաշրջանից պետք է անհապաղ դուրս գային վարձկանները։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը ավելի վաղ հրապարակել էր ևս մեկ փաստաթղթի սևագիր, որում ոչ մի կետ չկար Շուշիի մասին։