ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում Արցախյան պատերազմի մասին հերթական գրառումն է արել՝ որոշ նոր փաստեր ներկայացնելով:
«Հոկտեմբերի 19-ին ինձ զանգահարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և ասաց, որ պետք է կանգնեցնել պատերազմը: Ասաց նաև, որ այս տեսակետը փոխանցում է ոչ միայն իր, այլև ԼՂՀ պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, նաև Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի անունից: Ես զանգահարեցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, և նա ասաց, որ կարծում է դա պետք է փորձել անել ռուսական առաջարկների տրամաբանությամբ»,- գրում է Փաշինյանը՝ մեկնաբանելով, որ «ռուսական առաջարկներն» են՝ կարգավիճակի հարցի հետաձգումը, շրջանների հանձնումը, ռուս խաղաղապահների տեղակայումը: Ըստ Փաշինյանի՝ ինքը ճշտել է՝ խաղաղապահները պետք է տեղակայվեն նախկին ԼՂԻՄ սահմանի երկայնքո՞վ եւ Լաչինի միջանցքո՞վ, ինչին Պուտինը դրական պատասխան է տվել: Պայմանավորվել են քննարկումներից հետո դարձյալ հեռախոսզրույց ունենալ:
«Զանգահարեցի Արցախի նախագահին և ասացի, որ հնարավոր տարբերակը վերը նկարագրվածն է: Ասաց՝ համաձայն է: Դրանից հետո հրավիրեցի արտախորհրդարանական ուժերին և տեղեկացրի, որ այսպիսի որոշում եմ կայացրել: Նրանցից շատերի արձագանքը դժկամ էր, ոմանք նիստից հետո սոցիալական ցանցերում գրում էին, որ նրանք, ովքեր ժողովրդին ետ կպահեն հետագա պայքարից, դավաճան են և այլն: Նույն օրը ԱԽ նիստ հրավիրեցի՝ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ներկա էր նաև Հանրապետության նախագահը եւ Վեհափառ Հայրապետը»,- հայտնում է Փաշինյանը:
Եռակողմ հայտարարությունը նոր հնարավորություններ է ստեղծում Վրաստանի համար. ՌԴ ԱԳՆ
Նա նաև ընդգծում է, որ ընդդիմադիրները դժկամությամբ են ընդունել լուրը, բայց ինքը վստահեցրել է, որ չի պատրաստվում իրենց վրա որևէ պատասխանատվություն դնել: Պարզապես տեղյակ է պահում, որ չստացվի, թե թաքուն, ժողովրդի թիկունքում ինչ-որ բան է անում:
Փաշինյանը նաև մեկնաբանում է, թե ինչու հրապարակային հայտարարություն չի արել այդ մասին: Որովհետև, ըստ նրա, եթե Ադրբեջանը մերժեր իր առաջարկը հրապարակային հայտարարությունից հետո, դա կլիներ հայկական կողմի «դիմադրության ողջ համակարգի փլուզումը»:
Փակ քննարկումներից հետո Փաշինյանը կրկին զանգահարել է ՌԴ նախագահին և ասել, որ համաձայն է: Նրա խոսքով,՝ Պուտինը խոստացել է մինչև առավոտ քննարկել Ալիեւի հետ ու հետ զանգել:
«Հաջորդ օրը Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը ինձ հետ հանդիպման ժամանակ ասացին, որ համաձայն չեն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման կամ ճշգրտման մեխանիզմի որևէ համաձայնության գալուն: Ըստ էության՝ ասացին նաև Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի և Լ. Տեր-Պետրոսյանի անունից: Բայց այս ամենը կարևոր չէր, որովհետև ես էի կայացրել որոշումը և պատրաստվում էի այն տանել մինչեւ վերջ:
Հաջորդ օրը ՌԴ նախագահը պայմանավորվածության համաձայն զանգեց: Ասաց, որ Ալիևը համաձայն է, բայց խաղաղապահները ոչ թե ԼՂԻՄ սահմաններով պետք է տեղակայվեն, այլ քանի որ Հադրութն ու Թալիշը իրենց հսկողության տակ են, ադրբեջանցիները համաձայն չեն այդ բնագծերից ետ գնալ, և նախկին ԼՂԻՄ տարածքում պետք է խաղաղապահներ տեղակայվեն ըստ փաստացի շփման գծի: Նաև պետք է հայկական կողմը պարտավորություն վերցնի, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Շուշի»,- նշում է վարչապետը:
Եռակողմ համաձայնագիրը դատափետողները չեն ասում` առաջարկո՞ւմ են հրաժարվել դրանից. Փաշինյան
Նրա խոսքով, այսպես հրադադարը դարձավ անհնարին: Ըստ նրա՝ եթե անգամ Հադրութի հարցով համաձայներ, ապա Շուշին Ադրբեջանին հանձնելու հնարավորությունն այդ պահին չէր պատկերացնում:
Փաշինյանի այս հայտարարությունը ՌԴ նախագահը զարմանքով է ընդունել, ասելով, թե ինչու՞ է դեմ ադրբեջանցիների՝ Շուշի վերադառնալու տարբերակին: Իսկ երբ ինքը ներկայացրել է իր փաստարկները, ՌԴ նախագահն ասել է, որ տրամաբանական է, և որ ինքը լավ տեղեկացված չէ որոշ նրբություններից:
«Խնդիրն այն էր, որ այդ պարագայում Շուշին 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն պետք է ունենար, ովքեր պիտի վերահսկեին դեպի Ստեփանակերտ ճանապարհը: Համոզված եմ, որ եթե համաձայնեի Շուշին հանձնելու տարբերակին, Ադրբեջանը նոր պայման էր դնելու՝ Կարմիր Շուկա-Շուշի ավտոճանապարհը իրենց հսկողության տակ պիտի լինի: Այսպես՝ պայմանավորվածությունը չկայացավ:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։
Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։