ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Էդմոն Մարուքյանը Facebook-ի ուղիղ եթերում անդրադարձել է Ադրբեջանում նախատեսվող շքերթին:
Մարուքյանի տեղեկություններով, շքերթի ժամանակ Ադրբեջանը պլանավորում է երթով անցկացնել նաև ՀՀ ԶՈւ-ից առգրաված զինտեխնիկան ու հայ ռազմագերիներին:
«Սա Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո արգելված է ժնևյան կոնվենցիաներով: Սրա հետ կապված դիմել են ՄԱԿ գլխավոր քարտուղարին, ԵԽ գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին: Նրանք էլ իրենց հերթին դիմել են Ադրբեջանին, որ դա տեղի չունենա»,- ասաց Մարուքյանը՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանը չի օգտագործի հայ գերիներին իր նպատակների համար:
Գերիների վերադարձն ու դիակների փոխանակումը հրատապ լուծում է պահանջում. Հայաստանի ՄԻՊ
Գերիների փոխանակման հարցով Մարուքյանը դիմել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ որպես եռակողմ հայտարարության պայմանների կատարման երաշխավորի՝ անհետաձգելի քայլեր ձեռնարկելու գերիների փոխանակման հարցն առաջնահերթ օրակարգով լուծելու համար:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Նոյեմբերի 27-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1712 զոհվածների անունները։
Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
Գերիների ու անհետ կորածների մասին վերջնական տվյալներ չկան։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը- սակայն, հայտարարել է, որ հայկական կողմից կա 60 գերեվարված։
Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը