Սոթքում տեղի ունեցող գործընթացները եռակողմ հայտարարության շրջանակում են. վարչապետ

ՀՀ վարչապետը հայտարարել է, որ գործընթացները տեղի են ունենում ոչ միայն ռուս խաղաղապահների, այլև ադրբեջանցի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր հեռուսստաուղերձում անդրադարձավ Քարվաճառի ու Սոթքի ոսկու հանքի շուրջ տեղի ունեցած իրադարձություններին:

«Երեկ ոմանք բառի բուն իմաստով խրախճանք էին նախաձեռնել այն ստահոդ լուրերի ֆոնին, թե  ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի մարզից տարածքներ է զիջել Ադրբեջանին: Նման պահվածքը գուցե և ունենա հազար ու մի բացատրություն: Նման պահվածքի քննադատությունը գուցե և ունենա հազար ու մի բացատրություն: Ոմանք գուցե ալիքի տակ ընկնելով` ոչ մի չարամիտ բան նկատի չեն ունեցել, բայց այս ամենի տակից մենք պետք է դուրս բերենք այդ ամենի իրական նպատակը»,- ասաց Փաշինյանը:

Եռակողմ համաձայնագիրը դատափետողները չեն ասում` առաջարկո՞ւմ են հրաժարվել դրանից. Փաշինյան

Նա ընդգծեց, որ այսօր տեղի ունեցող գործընթացները նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման մասն են: Այդ գործընթացը ենթադրում է, որ ՀՀ ԶՈւ-ը պետք է տեղակայվի Գեղարքունիքի մարզի ՀՀ պետական սահմանին՝ այն սահմանին, որը հայտնի է որպես Խորհրդային Հայաստանի սահման:

«Ընդ որում, այդ սահմանը որոշվում է ոչ թե աչքաչափով, այլ GPS  սարքերով: Այդ սահմանով Սոթքի հանքը կիսով չափ գտնվել է Խորհրդային Հայաստանի, կիսով չափ ՝ Ադրբեջանի  տարածքում է: Ընդհանրապես սահմանազատումը բավականին բարդ գործընթաց է, և ուզենք, թե չուզենք, պետք է տեղի ունենա ոչ միայն ռուս խաղաղապահների, այլև ադրբեջանցի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Եվ ամեն անգամ այս գործընթացի շուրջ աղմուկ բարձրացնելը, քաղաքացիների շրջանում խուճապ առաջացնելը, անիշխանության և քաոսի զգացում առաջացնելն արվում է մի նպատակով` նրանք ուզում են պատերազմը տեղափոխել Հայաստան, որովհետև սովոր են արյունով իշխանության գալ ու արյունով իշխանություն պահել»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դա թույլ չեն տալու:

Փորձում են Հայաստանում անիշխանության տպավորություն թողնել. Փաշինյան

Վարչապետը վստահեցրեց, որ իշխանությունը գործադրում է բոլոր ջանքերը ՀՀ և Արցախի շահերը պաշտպանելու համար:

Հիշեցնենք, որ երեկ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ադրբեջանական զինվորները մտել են Սոթքի հանքավայր և աշխատակիցներին ժամանակ տվել դուրս գալու համար: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ լուրը։ Գեղամասար խոշորացված համայնքի (որտեղ ներառված է նաև Սոթքը) ղեկավար Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ ադրբեջանցիները Սոթքի հանքի տարածքում են` բանակցություններ են վարում։