ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները հոկտեմբերի համար պարգևավճար չեն ստացել

Նախարարության աշխատակիցներն իրենց ստացած եկամուտներից նվիրաբերություններ են կատարել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik․ Հոկտեմբերին ՀՀ ֆինանսների նախարարությունում աշխատել են կրկնապատկված ծանրաբեռնվածությամբ, սակայն պարգևատրում չեն ստացել։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Հաշվի առնելով պետական մարմիններում պարգևավճարների շուրջ ծավալված քննարկումները, նաև ֆիննախի աշխատողներին վճարված պարգևատրումների վերաբերյալ հրապարակումները՝ նախարարությունը հաղորդագրության է տարածել, ըստ որի` սեպտեմբերի 27-ից, երբ երկրում ռազմական դրություն հայտարարվեց, ՀՀ ֆինանսների նախարարությունը սկսել է աշխատել համապատասխան աշխատանքային ռեժիմով։

Ապահովվել է նախարարությանը վերապահված գործառույթների շուրջօրյա իրականացումը, այդ թվում՝ ռազմական գործողությունների ֆինանսական ապահովման նպատակով հրատապ ծախսերի կատարման կազմակերպումը։

«Հոկտեմբերի ընթացքում կատարված աշխատանքի համար նախարարության որևէ աշխատակցի պարգևատրում չի վճարվել: Նախարարության աշխատակիցներին պարգևավճարներ են հատկացվել սեպտեմբերին կատարված աշխատանքների համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախարարությունից շեշտում են՝ թեպետ պարգևավճար չեն ստացել, բայց աշխատել են անտրտունջ, «ինչպես հարիր է համախմբման կոչին արձագանքած հասարակության յուրաքանչյուր անդամին»։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի աշխատողները հոկտեմբերին պարգևավճար են ստացել

«Հասարակությունը պառակտելու՝ հայրենասերների և պակաս հայրենասերների բաժանելուն ուղղված փորձերը դատապարտված են ձախողման, որովհետև ռազմական դրության ժամանակահատվածում ֆինանսների նախարարության կամ որևէ այլ պետական մարմնի աշխատակիցը ռազմական գործողությունների առաջին օրվանից ընդհանուր զորահավաքի շրջանակում զորակոչվել և ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում կամ գործառութային պարտականությունների կատարման տեսակետից օբյեկտիվորեն գնահատելով իր՝ պետական մարմնում ծառայությունը շարունակելու անհրաժեշտության աստիճանը, սահմանված կարգով կամավորագրվել է՝ պատրաստ լինելով համալրել ՀՀ զինված ուժերի շարքերը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ընդգծվում է, որ պետական մարմնում աշխատանքը և դրա համար վարձատրությունը շահարկելն անարդյունք են, քանի որ յուրաքանչյուր պատասխանատու վերաբերմունք, հայրենիքին մատուցած բարեխիղճ ծառայություն պետք է գնահատվի համարժեքորեն և հարգանքի արժանանա։

Ինչ վերաբերում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերություններին, ապա, ըստ գերատեսչության, դրանք օրենքով չէին կարող կատարվել պետական բյուջեից, մինչդեռ քաղաքացիները, որոնց թվում են նաև նախարարության աշխատակիցները, կարող էին և փաստացի կատարել են փոխանցումներ հիմնադրամին՝ իրենց վաստակած եկամուտներից:

Նախարարությունը նաև հրապարակել է աշխատակիցների վարձատրության ցուցանիշները, ապա մեջբերումներ կատարել ՀՀ օրենսդրությունից պետական մարմիններում վարձատրության իրավակարգավորումների վերաբերյալ։

Ամփոփելով բավականին երկար հաշվետվություն-հաղորդագրությունը՝ նախարարությունն ընդգծել է, որ Հայաստանի մրցունակության բարձրացումն իրականություն կարող է դառնալ որակյալ հանրային կառավարման դեպքում, իսկ դրան հասնելու ճանապարհին կարևոր է նաև հայաստանյան աշխատուժի շուկային համարժեք վարձատրության համակարգի առկայությունը։

Նշենք` նոյեմբերի 24-ին տեղեկություն տարածվեց, որ ՀՀ ֆինանսների նախարարությունում 73 մլն 105 հազար դրամի պարգևատրումներ են եղել։