Եռակողմ համաձայնագիրը դատափետողները չեն ասում` առաջարկո՞ւմ են հրաժարվել դրանից. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն իր տեսաուղերձի ժամանակ անդրադարձել է նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրին` ասելով, որ ցանկացած այլ տարբերակ կարող էր լինել ավելի վատը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը դատափետող ուժերը չեն ասում` առաջարկո՞ւմ են արդյոք հրաժարվել դրանից, այնտեղ տեղ գտած պայմանավորվածություններից։ Փաշինյանը նման հայտարարություն արեց Հայաստանի հանրային հեռուստաընկերեւթյամբ հեռարձակվող իր տեսաուղերձի ժամանակ։

«Եթե եռակողմ համաձայնագիրը դատափետող ուժերն առաջարկում են հրաժարվել դրանից, ապա փոխարենն ի՞նչ սցենար են առաջարկում և ի՞նչ հետևանքներ կարող են լինել այդ սցենարից հետո»,–ասաց նա։

Վարչապետը ևս մեկ անգամ ասաց` ցանկացած այլ տարբերակ կարող էր լինել ավելի վատը։ Նրա խոսքով` այլ խնդիր է, թե մենք ինչո՞ւ հասանք այդ կետին, ի՞նչ հանգամանքներում ու ժամկետում, ի՞նչ հանգրվան ունեցավ։

Արարատ Միրզոյանը դե՞մ է եղել եռակողմ հայտարարության ստորագրմանը. «Հրապարակ»

Փաշինյանը վստահեցնում է, որ ամենաշահագրգիռն ինքն է, որ այդ հարցերի պատասխանները ստանան, սակայն դա տևական ժամանակ կպահանջի։ Իսկ հիմա, ըստ նրա, հրատապ հարցեր կան, որոնցից կարևորագույնը Հայաստանի շուրջ և Հայաստանի ներսում անվտանգություն ապահովելն է։

«Անվտանգության ապահովման համար անհրաժեշտ քայլերից մեկը նոյեմբերի 9-ի համաձայնությունը իրականացնելն է»,–ասաց վարչապետը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Ինչու եռակողմ հայտարարությունը չէր կարող վավերացվել ԱԺ–ի կողմից. փաստաբանի կարծիքը

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։