Ռազմական դրության հիմքերը վերացել են, բայց սահմանափակումները մնում են. Գորգիսյան

Ռազմական դրությունը սոցիալական հետևանք է ունենում արտագնա աշխատանքով ապրողների համար, որոնք չեն կարողանում մեկնել աշխատելու: Պետությունը հավելյալ գումարներ է ծախսում զորակոչված անձանց վրա, որոնք մնացել են զորամասերում, բայց որևէ ռազմական գործողություն չեն կատարում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, ԱԺ նիստում ներկայացնելով խմբակցության առաջարկը՝ Հայաստանում հաստատված ռազմական դրությունը չեղարկելու մասին, հիշեցրեց, որ 2 ամիս առաջ արտակարգ դրության անհրաժեշտությունը ՀՀ կառավարությունը հիմնավորել էր Ադրբեջանի կողմից առկա վտանգով:

Ինչու չի չեղարկվում ռազմական դրությունը և որքանով է այն իրավաչափ

«Սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական տանդեմը սկսեց ագրեսիա Արցախի դեմ, և այս իրավիճակում ՀՀ կառավարությունը հայտարարեց ռազմական դրություն՝ հետևյալ հիմնավորմամբ` հիմք ընդունելով այն, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում առկա է ՀՀ–ի վրա զինված հարձակման և ՀՀ տարածք ներխուժելու անմիջական վտանգ, ինչը սպառնում է ՀՀ ինքնիշխանությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և դրանով պայմանավորված՝ քաղաքացիների ու բնակչության կյանքին ու անվտանգությանը: ԱԺ-ն որևէ առարկում այդ ժամանակ չարեց: Բայց նոյեմբերի 9-ին կնքվեց մի փաստաթուղթ, որով դադարեցվեցին ռազմական գործողություները»,- ասաց Գորգիսյանը և հավելեց` հաշվի առնելով, որ այլևս ռազմական դրություն հայտարարելու որոշման մեջ նշված հանգամանքները չկան, «Լուսավոր Հայաստանը» «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ համատեղ նախաձեռնել է ԱԺ արտահերթ նիստ՝ չեղարկելու ռազմական դրության մասին որոշումը:

Գորգիսյանի խոսքով՝ ռազմական դրության հիմքերը վերացել են, բայց սահմանափակումները շարունակում են մնալ, և դրանք հիմնականում վերաբերում են ժողովրդավարական նորմերին՝ խոսքի ազատություն, հավաքների ազատություն, մարդու ազատ տեղաշարժի սահմանափակում:

Բացի այդ, ռազմական դրությունն, ըստ նրա, նաև սոցիալական հետևանք է ունենում արտագնա աշխատանքով ապրող մարդկանց համար:

«Այս մարդիկ չեն կարողանում մեկնել արտագնա աշխատանքի, գումար վաստակել: Իսկ մենք հասկանում ենք, որ կանգնած ենք լուրջ տնտեսական ճգնաժամի շեմին, եթե ոչ՝ այդ ճգնաժամի մեջ»,- ասաց Գորգիսյանը:

Պետությունը նաև հավելյալ գումարներ է ծախսում զորակոչված այն անձանց վրա, որոնք մնացել են զորամասերում, բայց արդեն որևէ ռազմական գործողություն չեն կատարում:

Հիշեցնենք` ԱԺ-ում քննարկվում է Հայաստանում հաստատված ռազմական դրությունը չեղարկելու մասին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը։ Առաջարկվում է երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ, որի քայլերի մեջ մտնում է ռազմական դրության վերացումը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Բանն այն է, որ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու իրավական գործընթացը նախատեսված է ՀՀ Սահմանադրության 115-րդ հոդվածով, որի վերջին` 4-րդ կետը, սակայն, արգելում է ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելն ու քննարկելը։