Պայթյունի ձայնից խուճապի չմատնվել. զգուշացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է զինամթերք հայտնաբերելու դեպքում անմիջապես զանգել 911 ահազանգման կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Ասկերան քաղաքի մերձակա տարածքներում, մասնավորապես Այգեստան, Խնածախ և Նորագյուղ համայնքներում ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը կատարում են հայտնաբերված ականների ու չպայթած հրթիռների վնասազերծում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ծառայությունից հորդորում են նաև ցանկացած զինամթերք հայտնաբերելու դեպքում անմիջապես զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Որքա՞ն ժամանակ կպահանջվի Լեռնային Ղարաբաղն ականազերծելու համար

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են