Նորանշանակ նախարարը 2 ծրագիր ներկայացրեց, Փաշինյանը բացատրեց դրանց բովանդակությունը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսքով` առաջիկայում կքննարկեն և միջոցառում կընդունեն բնակարանից զրկված քաղաքացիների համար, հուսով են, որ Արցախի կառավարության հետ համատեղ հնարավորինս արագ կիրականացնեն հաշվառումը, որպեսզի ծրագիրը ճիշտ գործի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց կառավարության ծրագրերը, որոնք ուղղված են արցախցիների աջակցությանը:

Արցախից եկած յուրաքանչյուր ընտանիք ինքը կընտրի իր կեցության վայրը. նախարար

Նրա խոսքով` երկու ծրագիր է իրականացվում, որոնցից մեկով 68 հազար դրամի աջակցություն է տրամադրվում յուրաքանչյուր արցախցու, և արդեն 30 հազար քաղաքացի ունի հաստատված դիմում: Այդ ծրագրի շահառու կարող են հանդիսանալ մինչև 94 հազար քաղաքացի։

Նախարարը տեղեկացրեց,որ երկրորդ ծրագրով Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերի քաղաքացիները կստանան 300 հազար դրամի օժանդակություն:

«Բացի այդ, այս պահին բնակավայրը կորցրածների կեցությունը ապահովելու համար առաջիկա ամիսներին որոշակի ծախսերի փոխհատուցում կտրամադրվի», - ասաց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ շահառուները կլինեն ոչ թե ընտանիքները, այլ անհատները, այսինքն` մեկ ընտանիքից մի քանի հոգի կարող են հանդիսանալ ծրագրի շահառու:

Առաքելյանի խոսքով` առաջիկայում կքննարկեն և կընդունեն միջոցառում բնակարանից զրկված քաղաքացիների համար, հույս ունեն, որ Արցախի կառավարության հետ համատեղ հնարավորինս արագ կիրականացնեն հաշվառումը, որպեսզի ծրագիրը ճիշտ գործի։

«Դանդաղելու և ոչ արդյունավետ աշխատելու ժամանակ այլևս չունենք». նորանշանակ նախարար

«Այդ ծրագրերի միտումը լինելու է այնպիսին, որ մեր հայրենակիցները հնարավորինս շուտ վերադառնան Արցախ և բնակություն հաստատեն, սա է լինելու այդ ծրագրերի բովանդակությունը», - ասաց վարչապետը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են