Միջազգային մասնագետները պետք է Արցախ մեկնեն հուշարձանների վիճակը գնահատելու համար

Ինչպե՞ս պահպանել քրիստոնեական ժառանգությունը Արցախում։ Պրակտիկան ցույց է տալիս, որ բարձր ռիսկի գոտում գտնվող մշակութային վայրերը հայտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության հուշարձաններն այսօր գնահատման կարիք ունեն, ինչը կարող է իրականացնել միջազգային փորձագետների առաքելությունը` ռուս մասնագետների մասնակցությամբ։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Լիխաչովի անվան գիտահետազոտական ինստիտուտի համաշխարհային ժառանգության և միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Նադեժդա Ֆիլատովան։

Երբ Տիգրանակերտի վրա ադրբեջանական դրոշ դեռ չէին բարձրացրել. հնագույն քաղաքի լուսանկարները

Ավելի վաղ Ռուսաստանի մշակույթի գործիչները, այդ թվում՝ դիրիժորներ Վլադիմիր Սպիվակովը և Թեոդոր Կուրենտզիսը, երաժիշտ Բորիս Գրեբենշիկովը և ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը, Արցախի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական և ճարտարապետական ժառանգության հուշարձանները համաշխարհային ժառանգության ցուցակում ներառելու խնդրանքով դիմել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ին։

Ֆիլատովան ասել է` կա պրակտիկա, որի համաձայն` բարձր ռիսկի գոտում գտնվող մշակութային հուշարձանները հայտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում՝ չլինելով համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Նրա խոսքով ՝ դա արտակարգ միջոց է, երբ տեղի իշխանությունները չեն կարող ապահովել հուշարձանների պահպանությունը, և միջազգային միջամտություն է պահանջվում:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական, մշակութային ու ճարտարապետական ժառանգության հուշարձաններին, առաջին հերթին պետք է հասկանալ` արդյո՞ք նրանց իրական վտանգ է սպառնում։ Հիմա, երբ զինված բախումները տարածաշրջանում փաստացի դադարել են, հետագա որոշումներ կայացնելու համար կարևոր է գնահատել օբյեկտների ներկայիս վիճակը», - ասել է նա։

Ֆիլատովայի կարծիքով՝ ամենալավ տարբերակը կլիներ այն, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ու Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի (ԻԿՕՄՈՍ) փորձագետների համատեղ առաքելություն կազմակերպվեր, որին կմասնակցեին նաև Սիրիայում աշխատելու փորձ ունեցող ռուս փորձագետները։

Դադիվանքի այցելուների մտահոգությունը, խաղաղապահներն ու տեր Հովհաննեսը. մոմ արդեն չկար...

«Առաքելությունները պետք է գնան այնտեղ ու տեղում գնահատեն օբյեկտների ֆիզիկական վիճակը և դրանց շուրջ ստեղծված իրավահարաբերությունների համակարգը։ Ո՞վ է պատասխանատվություն կրում դրանց ապահովության համար, դրանք անհապաղ վերականգնողական աշխատանքների կարիք ունե՞ն, թե՞ ոչ, վթարային վիճակո՞ւմ են․ առաքելության անդամները պետք է պատասխանեն այդ հարցերին։ Խնդիրների շրջանակը հասկանալուց հետո կարելի է որոշել, թե ինչ լրացուցիչ մեխանիզմների կարիք կա», - ասել է Ֆիլատովան։

Գործակալության զրուցակիցը կարծում է, որ առաքելությունը կարող է նա խորհրդատվություններ տալ՝ ինչպես հետագայում կազմակերպել հուշարձանների կառավարումը և դրանց պահպանման ու օգտագործման ճանապարհային քարտեզ մշակել Ադրբեջանի կառավարության հետ։ Միջազգային փաստաթղթի տեսքով ճանապարհային քարտեզը պաշտոնական դարձնելը կնշանակի, որ կան միջազգային պարտականություններ, որոնք պետք է կատարեն բոլոր կողմերը։ Ֆիլատովայի խոսքով` դա լրացուցիչ երաշխիք կլինի քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման համար։

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Մոսկվան ՅՈՒՆԵՍԿՕ-ին կներգրավի՝ Լեռնային Ղարաբաղում մշակութային արժեքները պահպանելու համար։