Գևորգ Գորգիսյանի դիտարկմամբ` կառավարության և զինված ուժերի ներկայացուցիչներն իրականում չբերեցին այնպիսի հիմնավորումներ, որ ռազմական դրության չեղարկումը կարող է որևէ կերպ խանգարել երկրի անվտանգության գործընթացներին կամ այլ պրոցեսների, որոնք անհրաժեշտ են հանրապետությունում։
«Կառավարությունն ուներ 16 օր, ուստի կարող էր համապատասխան փոփոխություններ մտցնել իր որոշումներում` իմանալով, որ ընդդիմությունը ցանկանում է օր առաջ հանել ռազմական դրությունը, բայց գործադիրը մարմինը դա չի արել և իր անգործությունը փորձում է արդարացնել` նշելով լրացուցիչ ժամանակի հանգամանքը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավորը։
Գորգիսյանը` որպես հիմնական զեկուցող, ներկայացրել է իրենց համար ընդունելի տարբերակը, որպեսզի քննարկվի և կառավարությունը նշի կոնկրետ ժամկետ, որի ընթացքում կկարողանա կատարել հիշյալ փոփոխությունները, իսկ նախագծի հեղինակներն էլ ըստ այդմ լրացումներ կկատարեն նախագծի մեջ։
«Բայց իշխանության ներկայացուցիչներն այդ տարբերակին էլ չհամաձայնեցին։ Նրանք առանց որևէ հիմնավորման ցանկանում են երկարաձգել ռազմական դրությունը»,– նշեց ԱԺ պատգամավորը։
Գորգիսյանի գնահատմամբ` հանձնաժողովի դիրքորոշումը կարելի է դիտարկել որպես «Իմ քայլը» խմբակցության մոտեցում, սակայն «Լուսավոր Հայաստանը» ներկայացնելու է իր փաստարկները, անելու է ամեն ինչ, որպեսզի համոզի, որ հիմա կա ռազմական դրությունը վերացնելու կարիք` հույս կապելով նաև գործընկերների ողջախոհության հետ։
Պատգամավորի կարծիքով` նիստին ներկայացած «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները քննարկման ժամանակ կտեսնեն, որ իրենց, որպես իշխող ուժի, հակափաստարկները համոզիչ չեն, կառավարությունը թերացել է և 16 օրում չի գտել այն լուծումները, չի կիրառել համապատասխան գործառույթները, որոնք անհրաժեշտ են առանց ռազմական դրության պահպանման։
«Դա հնարավոր էր, խոսքն ընդամենը կառավարության մի քանի որոշումներին է առնչվում։ Այդուհանդերձ հույս ունենք, որ իշխանական թևի պատգամավորները կքվեարկեն խղճի մտոք և կողմ կարտահայտվեն ռազմական դրությունը վերացնելու օգտին։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեր ընդդիմադիր գործընկերների հետ այս հարցում արդեն ունենք համախոհություն։ Արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ հարցը չենք քննարկել, սակայն նրանց ելույթներից տեսնում ենք, որ նույնպես պահանջում են չեղարկել ռազմական դրությունը»,– նշեց ԱԺ պատգամավորը։
Գորգիսյանը նաև հավելեց, որ իրենք մշակել են քայլեր` քվեարկության բացասական ելքի դեպքում իրականացնելու համար, սակայն հայտնեց, որ այդ մասին կտեղեկացնեն ապագայում։
Հիշեցնենք` ԱԺ-ում այսօր քննարկվում է Հայաստանում հաստատված ռազմական դրությունը չեղարկելու մասին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը։ Առաջարկվում է երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ, որի քայլերի մեջ մտնում է ռազմական դրության վերացումը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Բանն այն է, որ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու իրավական գործընթացը նախատեսված է ՀՀ Սահմանադրության 115-րդ հոդվածով, որի վերջին` 4-րդ կետը, սակայն, արգելում է ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելն ու քննարկելը։