Նոյեմբերի 24, 2020 թվական։ Ընթանում ենք Սոթք-Քարվաճառ ճանապարհով։ Հարյուր անգամ Հայաստանի ԱԻՆ-ի ամփոփագրերում կարդացել ենք, որ Հայաստանն Արցախին կապող այս առանցքային մայրուղին անանցանելի է՝ առատ ձյան կամ այլ եղանակային պայմանների պատճառով։ Իսկ հիմա այս ճանապարհը հայկական կողմի համար առհասարակ փակ կլինի․ Քարվաճառը կդառնա Քելբաջար։ Ըստ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության` այս շրջանն անցնում է Բաքվի վերահսկողությանը:
Վաղ առավոտ է, բայց ճանապարհը ծանրաբեռնված է։ Հիմնականում արցախցիներին տեղափոխող ավտոմեքենաներ են։ Մեր մեքենային պարբերաբար մի հին, կանաչ Ford է վազանց կատարում։ Առաջին անգամ նկատում ենք, որ այն բեռնված է կահույքով, խոհանոցային պարագաներով, ներքնակներով։ Երկրորդ անգամ արդեն նկատում ենք մեքենայի մեջ նստած և ինչ-որ սենյակային բույսով ծաղկաման գրկած կնոջը։
Նաև փայտ տեղափոխող մեքենաներ ենք նկատում։ Հիմնականում դրանք ՈւԱԶ-ներ են, Ford-եր և անգամ մարդատար ավտոմեքենաներ։ Առայժմ անհասկանալի է, թե որտեղից են տանում, բայց մի քանի կիլոմետր հեռու պարզ է դառնում․ ամեն քայլափոխի գերեզմանային լռությունը «կտրում է» էլեկտրական սղոցի ձայնը։ Տեղի բնակիիչները կտրում են անտառը, բայց այնպես, որ ծառերն անպայման վերականգնվեն. չչորանան։
Տղամարդիկ ապամոնտաժում են հսկիչ անցագրային կետը, որտեղ դեռ երեկ ստուգում էին բոլոր Արցախ մտնողներին։ Նրանցից մեկը զգուշացնում է, որ վերադառնանք մինչև 15։00-ը, թե չէ գերի կմնանք Ադրբեջանին։ Եվս մի քանի կիլոմետր ենք անցնում․ ճանապարհին ո՛չ ոստիկանություն կա, ո՛չ զինվորականներ, ո՛չ ռուս խաղաղապահներ։ Սկսում ենք անհանգստանալ․ գուցե իրո՞ք ադրբեջացիները որոշել են պայմանավորված ժամանակից շուտ գրավել դիրքերը։
Հայերը Շուշին կորցրել են ոչ թե ռազմական, այլ քաղաքական ճանապարհով. Սեմյոն Պեգով
-Մի անհանգստացիր, եթե նրանք արդեն այստեղ են, մենք ինքներս կսպանենք քեզ․ հայ կնոջը վայել չէ գերի ընկնել,-փորձում է լարվածությունը ցրել մեր լուսանկարիչը։
-Թո՜ւ, դանակս տանն եմ թողել,-կատակին միանում է մեր վարորդը, որի ձայնը, սակայն, միանգամայն լուրջ է հնչում։
Ճանապարհի երկու կողմում ավերածություններ են ու պատերազմի հետքեր՝ այրված ավտոմեքենաներ, կտրված էլեկտրալարեր, ծռմռված ուղեփակոցներ․․․ Որքան ավելի ենք մոտենում Քարվաճառին, այնքան ավելի քիչ են կյանքի նշանները և ավելի ահավոր է լռությունը։ Անցնելով մի փոքր գյուղի միջով, մի տուն ենք նկատում, որի դռան վերևում «կախաղան հանված» մարդ է ճոճվում։ Արգելակում ենք ու հասկանում՝ խրտվիլակ է։ Հավանաբար իրենց տունը հարկադիր կերպով լքած տերերը փորձել են ինչ-որ կերպ կանգնեցնել նրանց, ովքեր ապագայում կփորձեն բնակություն հաստատել այստեղ։ Տեսարանն իրոք սարսափելի է։
Շարունակում ենք ճանապարհը և հայտնվում խաչմերուկում, որտեղ պետք է բարդ ընտրություն կատարել․ թեքվել դեպի Դադիվա՞նք, թե՞ դեպի Քարվաճառ։ Արդյունքում ընտրում ենք երկրորդ ուղղությունը։
Քարվաճառ. միջնադարյան հայկական ամրոց
Հանդիպակաց ճանապարհով բեռնատարներ են գալիս, իսկ Քարվաճառ միաայն մենք ենք գնում։ Բնակավայր մտնելիս հուշարձան ենք տեսնում առանց խաչքարերի. դրանք հասցրել են դուրս հանել։ Մի փոքր էլ ենք խորանում և սարսափելի տեսարան է բացվում՝ շենք է վառվում։ Այն ակնհայտորեն քիչ առաջ են հրդեհել։ Մոտենում են գոնե ինչ-որ մեկին հանդիպելու և զրուցելու հույսով։ Բայց շուրջբոլորը դատարկ է ու ամայի։ Այս ու այն կողմ թափված փայտե սեղաններն ու «X», «XI» գրառումով փայտի վառարանները կասկած չեն թողնում․ այրվողը դպրոցի շենքն է։
Սա ամբողջ ճանապարհի միակ հատվածն է, որտեղ բջջային կապը հասանելի է։ Սկզբում զանգ ենք ստանում անհանգստացած գլխավոր խմբագրից (նկարահանող խումբը մի քանի ժամ շարունակ բջջային ցանցից դուրս էր,– խմբ․), իսկ այնուհետև ինքներս ենք հերթով տուն զանգում և հայտնում, որ մեզ հետ ամեն ինչ կարգին է։
Շարժվում ենք առաջ` դեպի քաղաքի խորքը։ Գրեթե բոլոր շինությունները մասնակի կամ լրիվ քանդված են, բայց բացարձակ բոլորի վրա պահպանվել են համարները։ Մնացել են Արցախի Դեմոկրատական կուսակցության ցուցանակն ու «Խանութ» ցուցանշանը։ Իսկ ահա ոստիկանության բաժինը մոլեգին կրակի մեջ է և երբեմն դղդրոց է լսվում՝ փամփուշտներ են պայթում։ Շենքն աստիճանաբար փլվում է, մեր լուսանկարիչը հազիվ է հասցնում դուրս վազել։
Կենտրոնական խանութի առջև բեռնատար է կանգնած։ Ներս եմ մտնում։ Ոտքերիս տակ փշրվում են կոտրված ապակիների բեկորները։ Ինչ-որ տեղից՝ խանութի խորքերից, տղամարդկանց ձայներ ու շրխկոցներ են լսվում։ Ներս եմ մտնում․ տղամարդիկ դուռը հանում են ծխնիներից։ Իսկույն հասկանում եմ, թե ինչ է կատարվում։
-Սա ձե՞ր խանութն է։
-Ոչ,-պատասխանում ակնհայտորեն հանկարծակիի եկած տղամարդը։
-Հասկանո՞ւմ եք, որ սա գողություն է։
-Քուր ջան, բա բարիքը թշնամուն թողնե՞նք։
Այս փաստարկին պատասխան չեմ գտնում։ Հեռանում եմ` միայն նախազգուշացնելով, որ մինչև երեկո հասցնեն հեռանալ, քանի որ կեսգիշերին Քարվաճառն այլևս մերը չի լինի։ Տղամարդիկ խոստանում են շուտով հեռանալ, հետո խորհուրդ են տալիս մտնել այն տունը, որին ոչ ոք չի կարողացել ձեռք տալ․ երբեմն այնտեղ զինվորներն էին գիշերում։
Տան բակում փոս է մեքենաների վերանորոգման համար, մի քանի ավտոմեքենայի «կմախք», կլոր երկաթե սեղան՝ ութ աթոռակով։ Տանիքը կանգուն է, պատուհաններին վանդակաճաղեր են, դռան վրա՝ բանալին, որ տանտերը թողել է բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան ներս մտնել։ Բացում եմ դուռը, անսպասելիորեն մի կատու է ներս վազում։ Ներսում կիսախավար է, մի քիչ հին կահույք է մնացել, պատուհանագոգերին ծաղկամաններ են՝ ծաղիկներով։ Տանտերերը, հավանաբար, չեն կարողացել տանել դրանք։ Կատուն սկսում է մռռալ և հանկարծ ինչ-որ բան է գցում։ Պարզվում է՝ սովորական նավթի լամպն է։ Որոշում եմ վերցնել այն՝ որպես հիշատակ։ Հեռանում ենք` կողպելով դուռը և բանալին թողնելով կողպեքի մեջ, ինչպես տանտերերն են որոշել։
-Լամպի մեջ նավթ մնացե՞լ է։ Արի տունը վառենք, որ թշնամու ձեռքը չընկնի,-առաջարկում է տղամարդկանցից մեկը։
-Եթե տերերը չեն վառել, մենք ո՞վ ենք, որ նման բան անենք։
Եվս մի տասնյակ տներ ենք մտնում։ Դռները կամ բաց են, կամ առհասարակ չկան, ներսում հիմնականում ամեն ինչ ջարդված է։ Ակնհայտորեն` ոչ միայն տերերն են ջարդուփշուր արել։ Տներից մեկի խոհանոցի վերևում տանիք չկա, բայց վարագույրները կախված են, հայելին և ամբողջ կահ-կարասին տեղում են։ Մեկ այլ տանը սեղանին օղու շիշ է մնացել, չորացած հաց և մարինացված լոլիկներ։ Երրորդ տան ննջարանում մնացել է պահարանը, գետնին մի ամբողջ կույտ թուղթ է, «Պատանի Երկրապահ» պաստառը և «Արցախյան պատերազմում զոհված դիզակցիները (հադրութցիները)» գիրքը։ Գրքից դուրս եկավ սեպտեմբեր ամսվա էլեկտրաէներգիայի վճարման անդորրագիրը։
Մեր նկարահանող խմբի անդամների ծանր լռությունն ու մռայլ խոհերը հանկարծ ընդհատվում են շան հաչոցով։ Շունը նստել էր բնակավայրից դուրս տանող ճանապարհի եզրին գտնվող տան շեմին և ոչ մեկին ներս չէր թողնում։ Նրա ձայնն արդեն խզվել էր, բայց շարունակում էր կատաղի կերպով պահպանել տերերի ունեցվածքը։ Վճռում ենք ավելորդ անգամ չանհանգստացնել շանը և շրջանցում ենք տունը։ Փորձեցինք գտնել գերեզմանատունը, որտեղից որոշ բնակիչներ տարել են իրենց հարազատների աճյունները, բայց առանց տեղացիների օգնության մեզ դա այդպես էլ չի հաջողվում։ Հեռանում ենք` ակամա հայացք գցելով «Քարվաճառ․ միջնադարյան հայկական ամրոց» ցուցանակին։
Ճանապարհը, որն այլևս Արցախ չի տանում
Կրկին բարդ ընտրության խաչմերուկին ենք, բայց այս անգամ միաձայն որոշում ենք թեքվել դեպի Դադիվանք։ Ճանապարհին տեսնում ենք այրված բենզալցակայանը, պատին մրի թարմ շերտի տակից ուրվագծվում է Արցախը խորհրդանշող «Դեդո-բաբո» («Մենք ենք, մեր սարերը») հուշարձանի պատկերը։
Լուսանկարիչը նետվում է հազվագյուտ կադրը նկարելու, իսկ մենք փորձում ենք խոսակցության բռնվել շինությունն ապամոնտաժող տղամարդկանց հետ։ Նրանք շատ չեն խոսում. զրույցի տրամադրություն չկա։ Շարունակում ենք ճանապարհը և առաջին անգամ հսկիչ-անցագրային կետ ենք նկատում․ ռուս խաղաղապահներ են, որոնք դիտակետ են տեղադրել Դադիվանքի վանական համալիրի ճանապարհին։
Վանքի բակում տասնյակ մարդիկ են հավաքված. ինչ-որ մեկը հապշտապ պտտվում է մենաստանի տարածքով, մյուսը լալիս է՝ գլուխը խաչքարին հենած, ուրիշները լուռումունջ աղոթում են, ոմանք էլ փորձում են մոմ վառել․․․Իսկ մոմերի հետ ստիպված են երկար տանջվել. ավազը քարացել է հալված մոմից, չնայած հենց այսօր առավոտյան են փոխել։
Հետդարձի ճանապարհը պակաս նշանակալի չէր։ Զգացմունքները չափազանց շատ էին, մեքենայում տղամարդիկ պարբերաբար պատերազմի մասին տեղեկություններ էին փոխանակում, հերոսական պատմություններ էին պատմում և կիսվում քաղաքական դատողություններով։ Հանկարծ նրանցից մեկը հիշեց․ նոյեմբերի 25-ը Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է։ Գրեթե շշուկով ասաց․ «Գոնե ոչ այդ օրը․․․»։
«Այստեղ ենք եղել մինչև վերջ». հայ զինվորները հեռանում են Քարվաճառից. տեսանյութ
Ավելի քան մեկ ժամ լուռումունջ ենք գնում։ Վազանցում ենք հսկայական խողովակներ տանող բեռնատարները, ավտոմեքենաներով էվակուատորները, մի քանի զինվորական բեռնատար։ Հանկարծ բեռնատարներից մեկի վարորդը սկսում է ազդանշան տալ մեզ։ Մեքենայում զինծառայողներ են, որոնք ողջունում են մեզ, մենք ի պատասխան ձեռքով ենք անում։ Լուանկարիչը սկսում է նկարել, իսկ տղաները տարբեր դիրքեր են ընդունում և ժպտում։
Այս անգամ առանց արագություն հավաքելու` հասնում ենք ոլորապտույտ ճանապարհի ամենավերևում գտնվող` հայկական դրոշի գույներով ներկված երկաթե դարպասներին։ Այնտեղ առաջվա նման կանգնած է բոլոր հայերին հայտնի ցուցանակը՝ «Բարի գալուստ Արցախ»։
-Ե՞րբ են հանելու,-հարցնում ենք մոնտաժողներից մեկին։
-Այն մնում է որպես խորհրդանիշ։ Ինչ դարպասներ էլ այստեղ դնեն և ով էլ ապրի այս հողում, մենք հո գիտենք, որ սա Արցախ է եղել, Արցախ է ու Արցախ էլ լինելու է։