Փոխարժեքի տատանումը չի կարող հանգեցնել տնտեսական լուրջ ցնցումների: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով վերջին օրերին դրամի փոխարժեքի տատանումներին: Ավելին, նրա խոսքով, իրավիճակը վերահսկելի է, իսկ առաջիկայում փոխարժեքի տատանման սլաքները հակառակ ուղղությամբ կգործեն:
«Չէի ասի, որ դրամի փոխարժեքը կվերադառնա նախկին՝ 470-480-ի կետին, մի քիչ ավելի բարձր կլինի, բայց կարծում եմ՝ պրոցեսները կասեցնելու և հետընթաց գրանցելու միտում կա»,- ասաց նա:
Համավարակի աճող թվերը, պատերազմն ու խուճապային որոշակի տրամադրություններն են դրամի արժեզրկման հիմնական պատճառները:
«Այս ամենին ես կգումարեի նաև որոշակի սպեկուլյատիվ շարժառիթները, որոնք անխուսափելի են նման իրավիճակներում: Այո, որոշակի ֆինանսական կառույցներ, անհատ գործարարներ, կորպորատիվ կառույցներ այսպիսի իրավիճակներում ձգտում են ձեռքերը կրակի վրա տաքացնել և ուրիշների ձեռքով հանել շագանակները, որը բնականաբար, հակազդելու և որոշակիորեն կայունացնելու գործիքների կիրառման խնդիր է ստեղծում»,- նշեց տնտեսագետը:
Կենտրոնական բանկը փորձում է պահել գներն ու ֆինանսական կայունությունը. հայտարարություն
Մարգարյանը հակազդող գործիք է համարում Կենտրոնական բանկի զգուշացումը. երեկ՝ նոյեմբերի 24-ին, երկրի գլխավոր դրամատունը հայտարարեց որ իրավիճակը կարգավորելու համար համապատասխան գործողությունների կդիմի, ինչը, ըստ Մարգարյանի, այդ սպեկուլյատիվ ու անառողջ շարժառիթները զսպելու և դրանք կասեցնելու նպատակ ունի:
«ԿԲ հայտարարությունն իր ազդեցությունն ունեցել է, դա երևում է նրանից, որ մարժան է կրճատվել, և հատկապես այն բանկերը, որոնք այսպիսի իրավիճակներում ակտիվություն են դրսևորում, շատ լավ հասկանում են, որ հետևանքներն իրենց համար կարող են լինել ավելի շատ բացասական, քան դրական»,- նշեց մեր զրուցակիցը:
2021թ–ին նախատեսվում է 3,2% տնտեսական աճ. Ջանջուղազյանը ներկայացրել է բյուջեն
Մասնագետի խոսքով՝ գնաճից խուսափել չի լինի, բայց այն չի հատի 5-5.5 տոկոսի շեմը, որը տարվա համար նախատեսվածից 0.5-1 տոկոսով է ավելի:
Մարգարյանը համոզված է՝ դրամավարկային ճիշտ քաղաքականության արդյունքում կհաջողվի կայունացնել իրավիճակը: