ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` որպես ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, դիմել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտե Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով։
Այս մասին Մարուքյանը հայտնեց այսօր իր Facebook-յան ուղիղ եթերի ընթացքում։
«Դա միակ մարմինն է, որ ունի անարգել մուտքի իրավունք Ադրբեջանում գտնվող փակ տարածքներ, այսինքն` բանտեր, պահման այլ վայրեր, որտեղ պահվում են մեր զինծառայող ռազմագերիներն ու գերեվարված քաղաքացիական անձինք»,– ասաց Մարուքյանը հավելելով, որ հայ գերիներն Ադրբեջանում վատ վերաբերմունքի են արժանանում, ինչի մասին վկայում են քաղաքացիների` իրեն ուղարկած տեսանյութերը։
Մարուքյանը հայտնեց նաև, որ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի նախագահից պահանջել է հրատապ, չնախատեսված, ոչ պլանային այց կատարել Ադրբեջան։
Կարմիր խաչն այցելել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին
«...Այցելեն ադրբեջանական բանտեր, հայտնաբերեն, թե ինչքան մարդ կա այնտեղ պահվող և նրանց պայմանների հետ կապված հարց բարձրացնեն։ Իսկ Կարմիր խաչը կզբաղվի արդեն փոխանակման հարցերով»,– ասաց Մարուքյանը։
«Լուսավոր Հայաստան»–ի ղեկավարն ընդգծեց, որ Ադրբեջանը շարունակում է գաղտնի պահել գերեվարված հայ զինծառայողների ու քաղաքացիների թիվը, իսկ ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն միակ մարմինն է, որը կարող է այդ ամենը բացահայտել։
Այդ նպատակով Էդմոն Մարուքյանը` որպես ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, դիմել է և՛ ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի նախագահին, և՛ նրա երկու տեղակալներին։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Նոյեմբերի 20-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայկական կողմի 1678 զոհվածների անունները։
Գերիների և դիակների փոխանակում. ՊՆ–ն արդեն աշխատում է խաղաղապահների և Կարմիր խաչի հետ
Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
Գերիների ու ու անհետ կորածների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։