ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Անհետ կորած զինծառայողների ծնողները հավաքվել են ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության դիմաց։ Նրանքտղաների ճակատագրի վերաբերյալ պատասխաններ են ակնկալում ՌԴ իշխանություններից` նամակ–խնդրագիր հանձնելով դեսպանատուն։ Անհետ կորածների ծնողները նաև հորդորում են Ռուսաստանին` ավելի ակտիվ քայլեր անել զինծառայողների որոնողական աշխատանքների առնչությամբ և արդեն իսկ գործընթաց սկսել։
Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ Գառնիկ Բարսեղյանը հայտնեց, որ իր թոռը` Մարտիրոս Բարսեղյանը, 1 տարի 4 ամսվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվել է։ Զինվորը Ջաբրայիլում է գտնվել պատերազմական օրերին և վերջին անգամ ընտանիքի հետ կապ է հաստատել հոկտեմբերի 11-ին։
«Գիշերը 11-ի կողմերը զանգեց ու շատ ցածր էր խոսում։ Երբ հարցրի` ինչ է եղել, ասաց` պապի, հետո կասեմ ու անջատեց հեռախոսը։ Գիտեմ, որ թոռս ոտքից վիրավոր է եղել։ Հիմա ոչ ինքը կա, ոչ էլ գումարտակը` 9 զինվորներով։ Ասեղ չեն մեր տղաները, որ կորան»,–ասաց Բարսեղյանը։
Մեկ այլ զինծառայողի հայր էլ ասաց, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած հանդիպումն իրենց չի գոհացրել։
«Վարչապետը ներողություն խնդրեց մեզնից, որից հետո մի քանի հարցեր ուղղեցինք նրան։ Հետո ասաց` կարևոր հանդիպման է անհետ կորած զինծառայողների հարցերով ու դրանից հետո հանդիպումը շարունակվեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ»,–ասաց նա։
Անհետ կորած զինծառայողի հայրը կարծում է` պատերազմի ընթացքում ամենաշատ զոհերը Ջաբրայիլում ենք ունեցել, քանի որ 2000 հոգու դեմ Ադրբեջանը 8000-10 000 մարդ է ուղարկել։ Տղամարդու որդին նույնպես Ջաբրայիլում է գտնվել պատերազմի օրերին։ Նա հավելեց նաև, որ այս պահին 280 մարդ է փնտրում իր զինծառայողին։
Փաշինյանը ներողություն է խնդրել գերեվարված ու անհետ կորած անձանց ընտանիքների անդամներից
Անհետ կորած զինծառայողների ծնողները հայտնեցին` ՌԴ դեսպանատուն ուղղված նամակում խնդրել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջնորդի, որպեսզի որոնողական աշխատանքներ սկսվեն ԼՂ այն հատվածներում, որոնք անցել են հակառակորդի տիրապետության ներքո։
Նրանք նաև ակնակալում են, որ դեսպանատնից իրենցից որոշներին կընդունեն ու կլսեն իրենց։
Այս պահին բողոքի ակցիան շարունակվում է։
Դուք եկել եք՝ խաբեք, գնաք տուն. անհետ կորածների ծնողները դժգոհ են կառավարության աշխատանքից