Քանի՞ բժիշկ է մեկնել Արցախ պատերազմի օրերին. նախարարությունն ամփոփում է

ՀՀ առողջապահության նախարարությունը պատասխանել է Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը` պատերազմական օրերին բժիշկների ներգրավվածության առնչությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik, Կարինե Հարությունյան. ՀՀ առողջապահության նախարարությունն այս պահին ամփոփում է, թե քանի բժիշկ է մեկնել Արցախ մարդասիրական նկատառումներով։ Sputnik Արմենիայի` նախարարություն ուղարկված գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են նախարարությունից։

Հարութը երազում էր շատ երեխաներ ունենալ. ռազմական բժիշկը զոհվեց` 2 վիրավորներին փրկելով 

Պատերազմի առաջին իսկ օրերից մի շարք բժիշկներ մեկնեցին Արցախ` վիրավորներին աջակցություն ցուցաբերելու համար։ Առողջապահության նախարարությունից հետաքրքրվել էինք, թե պատերազմական օրերին մարդասիրական նկատառումներով Արցախ մեկնած բժիշկներից քանի՞սն են տուժել` զոհվել, վիրավորվել, ինչպե՞ս է վիրավորների վիճակը։ Բացի այդ, հարցրել էինք նաև, թե, ընդհանուր առմամբ, քանի՞ բուժաշխատող է մեկնել Արցախ մարդասիրական նկատառումներով։

«Ռազմական դրությամբ պայմանավորված աշխատանքներում ընդգրկված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բուժանձնակազմի թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայումս գտնվում է ամփոփման փուլում»,–նշված է մեր հարցման պատասխանի մեջ։ 

Կյանքեր են փրկել իրենց կյանքի գնով. Թորոսյանի ուղերձը ռազմական բժիշկների օրվա առթիվ

Իսկ ռազմական բժիշկների վերաբերյալ տեղեկատվությանը` քանիսն են զոհվել, քանիսը` վիրավորվել, առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահին տվյալներ չունեն։

Նշենք, որ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն ավելի վաղ հայտնել էր` Արցախում ընթացող պատերազմի օրերին զոհվել են նաև իրենց մասնագիտական պարտքը կատարող բժիշկները։ Ընդհանուր առմամբ 15 բժիշկ է զոհվել, նրանցից 14-ը՝ ռազմական,1-ը՝ քաղաքացիական բժիշկ։

Վերջինս կամավոր էր մեկնել վիրավորներին օգնություն ցուցաբերելու։

Պատերազմական օրերին մասնագիտական պարտքը կատարելիս 15 բժիշկ է զոհվել

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Նոյեմբերի 19-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1678 զոհվածների անունները։

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 18-ին ԱԺ–ում լրագրողներին հայտնեց, որ պատերազմի առաջին օրվանից մինչև նոյեմբերի 17-ի երեկոյան պաշտոնապես հաստատված զոհված զինծառայողների թիվը 2425 է։ 

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը