Կարմիր խաչն այցելել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Սահմանային բոլոր ուղղություններով ընթանում են անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանում գտնվող գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Համացանցում տարածվող գերիների տեսանյութերը հաճախ արցախյան պատերազմի հետ կապ չունեն. ԱԱԾ

Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջնորդությամբ այժմ ընթանում են անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքներ։ 

Որոնողական աշխատանքները կատարվում են ամեն օր, Արցախի սահմանային բոլոր ուղղություններով։

«Գերիների վերադարձը և զոհվածների մարմինների փոխանակումը պետական մարմինների առաջնահերթություններից մեկն է, որի ուղղությամբ շարունակվում են համալիր ջանքերը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Ադրբեջանական կողմում պահվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց վերաբերյալ պաշտոնական տվյալներ դեռ չկան, նոյեմբերի 20-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1678 զոհվածների անուններ։

Քաղաքացիական անձանց շրջանում եղել է 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են