Իսպանիայի Կոնգրեսը Արցախին վերաբերող նոր միջնորդություն է ընդունել միաձայն

Կոնգրեսը կարևորում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային կենտրոնների պաշտպանությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Իսպանիայի կոնգրեսն ընդունել է պատգամավոր Ջոն Ինյառիտուի՝ Արցախին վերաբերող հերթական առաջարկ-միջնորդությունը։ Տեղեկությունը հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը Facebook-ի պաշտոնական էջում։

Հայտնի է` Ֆրանսիայի Սենատը երբ կքննարկի Արցախի անկախության ճանաչման բանաձևի նախագիծը

Այս առաջարկ-միջնորդությամբ կոնգրեսն իր ցավակցություններն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով քաղաքացիական և զինվորական զոհերի ընտանիքներին։

Կոնգրեսը նաև վերահաստատում է հայ ժողովրդի հետ խորը բարեկամական կապերը, ինչպես նաև կարևորում է հայկական մշակութային և կրոնական կենտրոնների պաշտպանությունը Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող կամ նրանց վերահսկողության տակ անցնող տարածքներում։

«Կոնգրեսն ընդգծում է անհրաժեշտության դեպքում Եվրամիության կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական օգնության ծավալների ավելացումը, ինչպես նաև ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձն իրենց բնակավայրեր»,- նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ Իսպանիայի կոնգրեսում ներկայացված քաղաքական ուժերից որևէ մեկն այս առաջարկ-միջնորդությանը դեմ չի քվեարկել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Իսպանիայի կոնգրեսն ընդունել էր Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու՝ պատգամավոր Ջոն Ինյառիտուի առաջարկ-միջնորդությունը։

Նշենք, որ Ջոն Ինյարիտուն եվրոպական տարբեր երկրների խորհրդարանականներից կազմված պատվիրակության կազմում այս օրերին այցելել էր Արցախ և իր աչքերով տեսել պատերազմի հետևանքները։ Նա կոչ էր արել միջազգային հանրությանը մասնակցել բանակցությունների հիման վրա հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնումներին:

Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտն Արցախին սատարող բանաձև է ընդունել