ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը և ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, տեղեկացնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքը։
Կողմերը քննարկել են ԱՄՆ կողմից Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցը, ինչպես նաև բանակցային ջանքերը՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ:
Բիգանը ողջունել է Այվազյանի նշանակումը արտաքին գործերի նախարարի պաշտոնում և հույս հայտնել, որ կշարունակվի հայ–ամերիկյան սերտ համագործակցությունը։
Հիշեցնենք, որ Արա Այվազյանը ԱԳ նախարար է նշանակվել 2020-ի նոյեմբերի 18-ին` փոխարինելով Զոհրաբ Մնացականյանին։
Ֆրանսիան մեծ ջանքեր է գործադրել ԼՂ հրադադարին հասնելու համար. Լը Դրիան
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Դրան հետևեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներ (բացի ՌԴ-ից) ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հայտարարություններն այն մասին, որ ստորագրված եռակողմ հայտարարությունը լրացուցիչ պարզաբանումների կարիք ունի։