ԱԺ խորհուրդը կդիմի ՍԴ` Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով

10 կողմ, 4 դեմ ձայնով ԱԺ խորհուրդը կողմ է քվեարկել Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցին։ Վերջնական եզրակացությունը պետք է տա Սահմանադրական դատարանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. 10 կողմ, 4 դեմ ձայնով Ազգային ժողովի խորհուրդը կողմ է քվեարկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու որոշմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։

«Ամեն ինչ կառուցվել է ստի ու ֆեյքերի վրա». Ծառուկյանը վարչապետ դառնալու ցանկություն չունի

«Նիստին ներկա են եղել 10 պատգամավորներ «Իմ քայլից» և մենք չորսով` ԲՀԿ–ից։ Բնականաբար, մենք չորսս էլ դեմ ենք քվեարկել», – ասել է Էնֆիաջյանը։

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նշել է, որ խորհրդի որոշումը ոչ մարդկային, ոչ իրավական առումով հասկանալի չէ։

«Այդպես էլ պարոն Ծառուկայնի` բիզնեսով զբաղվելու որևէ ապացույց չներկայացվեց։ Կա ընդամենը մեկ վկայություն, որ նա մասնակցել է «Մուլտի Գրուպի» մի ժողովի։ Բայց թե ինչ դերով է մասնակցել, ինչ է քննարկել` ոչ մի տեղեկություն չկա», – ասել է Մելքումյանը։

ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահները, Ծառուկյանի փեսաները... ովքեր են մտել վարչապետի ընդունարան

Ծառուկյանի լիազորությունների մասին վերջնական եզրակացությունը պետք է տա Սահմանադրական դատարանը։

Հիշեցնենք, որ Ծառուկյանին մանդատից զրկելու որոշման հիմքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի պագտգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման» եզրակացությունն է և ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածն է, որի համաձայն` պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք` բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից։

«5 ժամ բանակցում էին, հետո ասում` սուրճ ենք խմել, կոնսուլտացիա ենք արել». Գագիկ Ծառուկյան

Այս հիմքերով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն 2020 թվականի հուլիսի 6-ին որոշում էր կայացրել պատգամավորական լիազորությունների անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին և այդ որոշումն ուղարկել Գագիկ Ծառուկյանին։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին խորհրդարանը զրկեց Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից՝ հարկերից խուսափելու ու ընտրակաշառք բաժանելու մեջ կասկածվելու պատճառով։ 

Նա կալանավորվեց սեպտեմբերի 25-ին ու անազատության մեջ մնաց մինչև հոկտեմբերի վերջ։

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել էր նաև նոյեմբերի 11-ին՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու մեղադրանքով։ Նա ազատ էր արձակվել ԱԱԾ-ի նոյեմբերի 13-ի կեսգիշերին։