Հայաստանում մի քանի կամավոր կպատվաստվեն ՌԴ-ից ստացված «Սպուտնիկ V» պատվաստանյութով

Ռուսաստանի առողջապահության նախարարը Հայաստանին է փոխանցել մի քանի օրինակ պատվաստանյութ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի առողջապահության նախարարի` Հայաստանին տրամադրած «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակները կօգտագործվեն՝ պատվաստելու մի քանի կամավորների: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

ՌԴ առողջապահության նախարարը Թորոսյանին փոխանցեց ռուսական պատվաստանյութի առաջին նմուշները

Նոյեմբերի 21-ին Հայաստան էր ժամանել Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը, որում նաև առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ են ընդգրկված։ Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին էր փոխանցել կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի` «Սպուտնիկ V»-ի առաջին նմուշները։

«Պատվաստանյութի շատ քիչ քանակ ենք ստացել, դրանք ընդամենը օրինակներ են: Դրանցով կպատվաստվեն մի քանի կամավորներ»,–ասաց Նիկողոսյանը։

Հիշեցնենք` Ռուսաստանն աշխարհում առաջինն է գրանցել COVID-19–ի դեմ պատվաստանյութը, որը ստեղծել են Գամալեայի կենտրոնը և Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը։ Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը։ Առաջին խմբաքանակն արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել և Ռուսաստանի մարզեր է մատակարարվում։

Ո՞ր մարդկանց համար COVID-ի դեմ պատվաստումը կարող է անարդյունավետ լինել