ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հայտնել է, որ նախարարի պաշտոնը ստանձնելու որոշումն ընդունել է որոշակի քայլերով ստեղծված իրավիճակը մեղմելու համոզմունքով, գիտակցությամբ ու պատրաստակամությամբ։
«Դանդաղելու և ոչ արդյունավետ աշխատելու ժամանակ այլևս չունենք»,– մեր հարցին ի պատասխան ասաց Մեսրոպ Առաքելյանը։
Հրատապ քայլերից մեկն այսօր արդեն արված այն հայտարարությունն է, որ հաշմանդամության կարգի ստացման հարցով վիրավորում ստացած զինծառայողները կամ նրանց ծնողները որևէ փաստաթուղթ վերցնելու ու որևէ տեղ գնալու կարիք չունեն. ամեն ինչ անելու է նախարարությունը։
Հետևաբար նախարար Առաքելյանից հետաքրքրվեցինք` ինչ կարգով է դա իրականացվելու։
Մեր ազգը նույնիսկ ժամանակավոր պարտությունը պիտի վերածի մնայուն հաղթանակի. Արամ Ա կաթողիկոս
«Այսօր առավոտյան նախարարությոսւնում տեղի ունեցած քննարկման արդյունքում որոշվեց, որ այդ գործընթացը կազմակերպվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով`հաշվի առնելով այն, որ գործ ունենք վիրավոր զինծառայողների հետ ու նաև հաշվի առնելով այդ ընտանիքներում առկա մթնոլորտը»,– ասաց նախարարը։
Նախարարության աշխատակիցներն իրենք են այցելելու բուժհաստատություններ, զինծառայողների բնակարաններ։ Մեսրոպ Առաքելյանը հատկապես կարևորում այս աշխատանքների հնարավորինս արագ իրականացումը, որպեսզի հաշմանդամ ճանաչված զինծառայողներն օր առաջ կարողանան Զինծառայողների աջակցության հիմնադրամից օրենքով նախատեսված աջակցությունը ստանալու։
Նախարարն անդրադարձել է նաև այն հարցին, որ շատ դեպքերում առկա են փաստաթղթերի հետ կապված խնդիրներ, մարդիկ իրենց փաստաթղթերը կորցրել են կամ թողել Ադրբեջանի ենթակայության տակ անցած բնակավայրերում։
Մեսրոպ Առաքելյանի խոսքով, իրենք կապ են հաստատել Արցախի իրենց գործընկերների հետ, որպեսզի վերջիններս օգնեն մարդկանց փաստաթղթերը վերականգնելու և նրանց նույնականացման հարցը լուծելու համար։
Նախարարը ձեռնպահ մնաց վիրավոր ու հաշմանդամ դարձած զինծառայողների նույնիսկ մոտավոր թիվ հնչեցնելուց, բայց հայտնեց, որ վիրավորների թիվը մի քանի հազար է։