Ֆրանսիայի ԱԳՆ–ն հայտարարություն է արել Էրդողանի զրպարտող հայտարարությունների մասին

Փարիզում ակնկալում են, որ Էրդողանը կդադարեցնի վիրավորանքները, զրպարտությունն ու սպառնալիքները Ֆրանսիայի հասցեին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զրպարտող արտահայտությունները չեն նպաստում Անկարայի և Փարիզի միջեւ երկխոսությանը։ LCI հեռուստաալիքին հետ հարցազրույցում նման հայտարարություն է արել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը։

Չնայած սպառնալիքներին` Ֆրանսիան չի հրաժարվելու իր սկզբունքներից

«Մենք շատ տարաձայնություններ ունենք, դրանք պետք է քննարկել մեկը մյուսի հետևից։ Մինչդեռ նախագահ Էրդողանի կողմից հնչում են զրպարտչական արտահայտություններ, որոնք չեն նպաստում քննարկմանն ու երկխոսությանը»,-ասել է նախարարը։

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, թե Փարիզում սպասում են, որ Թուրքիայի ղեկավարությունը կդադարեցնի վիրավորանքները, զրպարտություններն ու սպառնալիքները Ֆրանսիայի հասցեին:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի վերջին Թուրքիայի նախագահ Էրդողանը կոչ էր արել իր երկրի քաղաքացիներին հրաժարվել ֆրանսիական ապրանքների գնումից՝ երկու երկրների հարաբերությունների սրման պատճառով։

Մակրոնը հանդես է գալիս Շենգենյան գոտու կանոնների վերանայման օգտին

Դրանից մի քանի օր առաջ Էրդողանը վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին՝ ասելով, որ նա պետք է հոգեբույժի դիմի։ Դրանից հետո Փարիզն Անկարայից հետ էր կանչել իր դեսպանին։