Պատերազմից առաջ էլ դժվարին ժամանակաշրջան էր, բայց հիմա ավելի բարդ է. Փաշինյանը` Շոյգուին

Փաշինյանը Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում հույս է հայտնել, որ առաջիկայում Հայաստանի և Ռուսաստանի կապերը կշարունակեն խորանալ։
Sputnik

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և նրա գլխավորած պատվիրակությանը: Փաշինյանը հանդիպման ժամանակ ասել է, որ պատերազմից առաջ էլ դժվարին ժամանակաշրջան էր, բայց հիմա ավելի բարդ ժամանակներ են։ ՀՀ վարչապետը, դիմելով Շոյգուին, նշել է, որ նրա այցը շատ կարևոր է։

«Ցրտերն արդեն մոտ են». Պուտինը հանձնարարել է մտածել Ղարաբաղի բնակչության մասին

«Ցանկանում եմ նշել, որ պատերազմի ընթացքում մենք մշտապես զգացել ենք Ռուսաստանի, ՌԴ նախագահի, վարչապետի աջակցությունը, ձեր անձնական աջակցությունը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ դրա համար: Հուսով ենք, որ այս ընթացքում կկարողանանք խորացնել մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ, այդ թվում` անվտանգության ոլորտում, և ոչ միայն անվտանգության, այլև ռազմատեխնիկական համագործակցության»,–ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով` այժմ տարածաշրջանում այլ ռազմաքաղաքական իրավիճակ է. այն փոխվել է, և դեռ պետք է ուսումնասիրել այդ իրավիճակի բոլոր պարամետրերը: Փաշինյանը վստահ է` առաջիկայում Հայաստանի և Ռուսաստանի կապերը կշարունակեն խորանալ, փոխգործակցությունը կլինի ավելի սերտ և ավելի ռազմավարական:

Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նշենք, որ այսօր ՌԴ միջգերատեսչական պատվիրակություն է ժամանել Հայաստան։ Պատվիրակության կազմում են Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետներ Ալեքսանդր Նովակը, Ալեքսեյ Օվերչուկը, ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևը։