«Մենք այստեղ ենք Պուտինի որոշմամբ». Լավրովը Փաշինյանին է ներկայացրել իրենց մոտեցումները

ՌԴ արտգործնախարարը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Վլադիմիր Պուտինի ու Միխայիլ Միշուստինի ողջույնները և ասել` իրենք շահագրգռված են, որ դիտարկեն հայ–ռուսական հարաբերությունների ողջ համալիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի կառավարական պատվիրակությանը` արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ: ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը ներկայացրել է հանդիպման մանրամասները։

«Հարգելի Նիկոլ Վովայի, հարգելի գործընկերներ, առաջին հերթին ցանկանում եմ Ձեզ փոխանցել նախագահ Պուտինի, կառավարության նախագահ Միշուստինի ջերմ ողջույններն ու լավագույն մաղթանքները: Մենք այստեղ ենք գտնվում Վլադիմիր Վլադիմիրիի որոշմամբ, Դուք նրա հետ քննարկել եք մեր այսօրվա հանդիպումների օրակարգը, նաև այդ մասին խոսել եք Միխայիլ Միշուստինի հետ»,– ասել է Լավրովը:

Նրա խոսքով` իրենք շահագրգռված են, որ դիտարկեն հայ–ռուսական հարաբերությունների ողջ համալիրն այն բանից հետո, երբ նոյեմբերի 9-ին ձգձգվող բանակցություններից հետո ընդունվեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի երեք առաջնորդների հայտարարությունը, որը վերջ դրեց արյունահեղությանը և իրավիճակի կայունացման հնարավորություն ստեղծեց իր բոլոր համատեքստերում, այդ թվում` հումանիտար:

ՌԴ առողջապահության նախարարը Թորոսյանին փոխանցեց ռուսական պատվաստանյութի առաջին նմուշները

«Գիտեք, որ մեր խաղաղապահներն ակտիվորեն զբաղվում են այդ պայմանավորվածության իրականացման ուղղությամբ, այդ թվում` հումանիտար աջակցության ցուցաբերման: Մենք այսօր կքննարկենք նաև հարցեր, որոնք կապված են հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծման հետ: Այն ևս նոր կառույց է, ամբողջությամբ աշխատելու է քաղաքացիների կարիքների, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ: Կդիտարկենք նաև մեր տնտեսական փոխգործակցության ընթացիկ հարցերը, էներգետիկայի ոլորտում փոխգործակցությունը` համաձայն ծրագրի, որը մեր հայ գործընկերները պատրաստել են մեզ համար»,– նշել է ՌԴ արտգործնախարարը:

Նա ընդգծել է, որ ակտիվորեն աշխատում են միջազգային կազմակերպությունների հետ, ՄԱԿ-ի կառույցների հետ, ինչպիսիք են` փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը: Բոլոր այս կազմակերպությունների, նրանց ղեկավարների հետ կապ են հաստատել, և այսօր էլ պատրաստ են մտքեր փոխանակել այն մասին, թե ինչպես օպտիմալ կերպով կազմակերպենք նրանց ներդրումն այն հարցերի շուրջ, որոնք անհրաժեշտ է այսօր դիտարկել և կարգավորել:

«Մենք շնորհակալ ենք Երևանում ավանդական ջերմ ընդունելության համար, և վերահաստատում ենք մեր աջակցությունը եղբայրական հայ ժողովրդին: Իմ գործընկերները Ձեր թույլտվությամբ պատրաստ են ներկայացնել մեր մոտեցումները տնտեսական, էներգետիկ, հումանիտար փոխգործակցության ասպեկտներով, այդ թվում` մեր ընդհանուր ջանքերը կորոնավիրուսի դեմ պայքարում»,– ասել է Լավրովը:

Նշենք, որ Ռուսաստանի կառավարական պատվիրակության կազմում են եղել ՌԴ կառավարության նախագահի տեղակալներ Ալեքսեյ Օվերչուկը և Ալեքսեյ Նովակը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Դաշնային անվտանգության ծառայության 5-րդ ծառայության ղեկավար Սերգեյ Բեսեդան, Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում Դաշնային վերահսկողական ծառայության ղեկավար Աննա Պոպովան, ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, Ֆինանսների նախարարի տեղակալ Թիմուր Մաքսիմովը, պաշտոնատար այլ անձինք: