ՀՀ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարներն անդրադարձել են Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին

Երկուստեք ընդգծվել է Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության կոթողների պահպանության առաջնայնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Փոթորիկ մի բաժակ ջրում․ ՀՀ ԱԳՆ-ն հերքում է ռուսական դրոշի հետ կապված լուրը

Նշվում է, որ Ֆրանսիայի արտգործնախարարը շնորհավորել է Արա Այվազյանին արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն այդ կարևոր առաքելությունում: ՀՀ ԱԳ նախարար Այվազյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ համատեղ քայլեր ձեռնարկելու երկու երկրների միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների և բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ։

«ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատման և Արցախում խաղաղապահների տեղակայման վերաբերյալ համատեղ հայտարարությանը հաջորդած զարգացումների և տարածաշրջանում ստեղծված իրադրության շուրջ։

Անդրադարձ է կատարվել Արցախում թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Նախարար Այվազյանը այդ առնչությամբ կարևորել է միջազգային հանրության ներգրավվածությունն արցախահայության բնականոն կենսագործունեության վերականգման համար պայմանների ապահովման ուղղությամբ տեղում իրականացվող աշխատանքներին»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

Հեռախոսազրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել է Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության կոթողների պահպանության առաջնայնությունը։

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Արա Այվազյանը և Ժան-Իվ Լը Դրիանը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների համագործակցությունն արցախահայության իրավունքների և շահերի լիարժեք հասցեագրման գործում:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով: