Արա Սաղաթելյանն ազատ է արձակվել

Սաղաթելյանը ձերբակալվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի հատկանիշներով՝ օրենքով սահմանված կարգի խախտման հավաքներ կազմակերպելու ու անցկացնելու կասկածանքով
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ռոբերտ Պապոյան) ոչ իրավաչափ է ճանաչել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի ձերբակալությունը։ Նա ազատ է արձակվել:

«Չես պլստալու». ձերբակալվել է ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը

Հիշեցնենք, որ Սաղաթելյանը ձերբակալվել էր նոյեմբերի 20-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի հատկանիշներով արարք կատարելու կասկածանքով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու ու անցկացնելու համար։ 

«Ձերբակալված անձանց համար նորմալ պայմաններ էին։ Որևէ դժգոհություն չունեմ։ Ինձ բերման ենթարկելը ոչ միայն իրավաչափ չէր, այլև ողջամիտ չէր։ Ես տեսնում եմ իմ անձի դեմ ուղղված համատեքստ։ Այն կասկածանքը, որ ինձ առաջադրվել էր, իրականությունից չի բխում, և դա ունի բազմաթիվ ապացույցներ։ Իրավապահ մարմիների գործողություններում տեսնում եմ նպատակաուղղվածություն, ավելի քան վստահ եմ, որ նրանց գործողություններն ուղղորդված էին իշխանության կողմից։ Նրանց մեջ կան անձինք, որոնք իմ անձի հետ կապված մտասևեռվածություն ունեն։ Սա առաջին գործողություն չէ, որ իրականացվում է իմ դեմ»,-ազատ արձակվելուց հետո հայտարարեց Արա Սաղաթելյանը։

Հարցին, թե շարունակելու է մասնակցել հանրահավաքներին` նա պատասխանեց, որ կաշկանդվածություն չունի, միշտ մասնակցում է այն հավաքներին, որոնց նպատակահարմար է համարում մասնակցել։

Հայտնի հրամանատարը ձերբակալվել է Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման գործով

«Սա ապօրինի ձերբակալություն էր սա։ Նույն հաջողությամբ կարելի էր ցանկացած մեկին ձերբակալել»,-ասաց Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Երևանում տեղի են ունեցել բողոքի բազմաթիվ ակցիաներ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ակցիա է անցկացվել նաև Գյումրիում։

Բերման են ենթարկվել ավելի քան 80 մարդ։

Հավելենք, որ բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունից հետո։