Վագիֆ պապն իր որդու Սարոյի հետ լքում է սեփական տունը։ Նրանք միայն անասուններին են կարողացել տեղափոխել։
Պապը չի համարձակվել այրել սեփական ձեռքով կառուցած տունը։ Փոխարենը որդու ձեռքը չի դողացել։
Sputnik Արմենիայի թղթակցի հարցին, թե ինչու եք տունն այրում, գրեթե բոլոր բնակիչների նման Սարոն էլ է նույն պատճառաբանությունը բերում։
«Վառեցի, որ մեզնից բացի մեր տանն այլևս ոչ մեկը չապրի»,–ասում է նա։
Տղամարդը մեծ ցավով է տունն այրում, բայց հավելում է` կսպասի այնքան, մինչև լրիվ վառվի, նոր կհեռանա։
Հիշեցնենք` օրերս հայտնի դարձավ, որ Մարտակերտի շրջանի մի շարք համայնքներ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ի կատարումն Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների:
Փակ շրջան. ինչպե՞ս պետք է Ադրբեջանին հանձնվող գյուղերի բնակիչները հանեն իրենց ունեցվածքը
Մասնավորապես` Ադրբեջանին են անցնում Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ բնակավայրերը։ Եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանին մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը։ Այս գյուղերի տարածքը նախկինում` մինչ 1994թ.–ը, գտնվել է Աղդամի շրջանում։ Առաջին պատերազմի ավարտից հետո դրանք ընդգրկվել են Մարտակերտի շրջանի մեջ։
Հուսահատություն ու ցավ. ինչպես են արցախցիները տեղահանվում իրենց գյուղերից