Ասելիք չի մնացել. Ասկերանի Ուղտասար գյուղի նորակառույց դպրոցից հանում են գույքը

Համաձայն ԼՂ եռակողմ համաձայնության գյուղն անցնելու է Ադրբեջանին։ Գյուղի 350 բնակիչները մնալու են անտուն։ Այժմ տարհանվում է գյուղի գույքը։
Sputnik

Sputnik Արմենիայի նկարահանող խումբն ականատես է եղել, թե ինչպես են Արցախի Ասկերանի շրջանի Ուղտասար գյուղի նորակառույց դպրոցից հանում գույքը։ Դպրոցի տնօրենը տեսախցիկի առջև չի խոսում, ասում է` ասելիք չի մնացել։

«Մի քանի ամիս առաջ շատ բան կասեի, բայց հիմա` էլ ի՞նչ խոսեմ։ Ամեն ինչ ձեր աչքերով տեսնում եք», – ասաց նա։

Վերջերս կառուցված և վերանորոգված դպրոցի գույքը տեղափոխվում է Ասկերան համայնք։

Համաձայն ԼՂ եռակողմ համաձայնության` Ուղտասար գյուղն անցնելու է Ադրբեջանին։ Գյուղի 350 բնակիչները մնալու են անտուն։ Այժմ տարհանվում է գյուղացիների գույքը։

Ինչ են ասում ռազմական փորձագետները Մովսես Հակոբյանի սկանդալային հայտարարությունների մասին

Ասկերանից ընդհանուր առմամբ ութ գյուղ է անցնում Ադրբեջանի վերահսկողության տակ։ Պատերազմի ժամանակ հակառակորդը գրավել է Ասկերանի վեց գյուղ` Ավետարանոցը, Ակնաղբյուրը, Մադաթաշենը, Սխնախը, Ջրաղացները և Մոշխմհատը։

Այդ գյուղերից 2233 մարդ` 525 ընտանիք, մնացել են առանց տան։ Եվս երկու գյուղից ներկա պահին են տարհանվում բնակիչները։ Խոսքը Արմենակավան և Ուղտասար գյուղերի մասին է, առաջինում բնակվում է 150 մարդ, երկրորդում` 350։ Մինչև վերջին պահը հստակ չէր` այդ գյուղերն անցնում են հակառակորդի վերահսկողության տակ, թե ոչ։ Երկու օր առաջ է պարզվել, որ համաձայն եռակողմ հայտարարության` դրանք էլ են դառնալու Ադրբեջանինը։

Նշենք, որ համաձայն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության` Ադրբեջանին են անցնում այն տարածքները, որոնք ադրբեջանական ԶՈւ–ն գրավել է պատերազմի ժամանակ, ինչպես նաև Աղդամի, Լաչինի և Քելբաջարի շրջանները։

«20 տարի ապրել ենք, մեր ձեռքը չի գնա, որ վառենք». Ուղտասարի բնակիչները լքում են գյուղը

Քանի որ այդ շրջանները Խորհրդային Ադրբեջանի վարչական բաժանման շրջաններն են և մեծամասամբ չեն համընկնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների հետ, այդ պատճառով որոշ համայնքների ճակատագիրը պարզվել է միայն վերջին օրերին։