Արցախի Նոր Մարաղա գյուղում 25 տարի ապրած կինը, որը նաև տարատեսակ ընտանի կենդանիներ ու այգի ունի, ստիպված է լքել հայրենի գյուղը։ Նա էլ շատերի պես 2 օր առաջ է իմացել, որ իրենց գյուղը շուտով Ադրբեջանին է հանձնվելու։
Sputnik Արմենիայի հետ զրույցում կինը պատմում է, որ ղազ, հավ ու հնդկահավ է պահում։
«Էդքանին չենք հասցնի մորթենք, կեսն էլ ընենց ենք տանելու»,–ասում է նա։
Նշում է` դեռ չգիտեն վերջանական ուր են գնալու, սկզբում կտեղափոխվեն Ստեփանակերտ, ծանոթներից մեկը ժամանակավոր կեցության վայր է տվել։ Հետո կփորձեն վերլուծել իրավիճակն ու հասկանալ` ինչ անել, ուր գնալ։
Հիշեցնենք, նոյեմբերի 18–ին հայտնի դարձավ, որ Մարտակերտի շրջանի մի շարք համայնքներ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ի կատարումն Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների:
Մասնավորապես` Ադրբեջանին են անցնում Մարտակերտի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ բնակավայրերը։ Եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանին մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը։Այս գյուղերի տարածքը նախկինում` մինչ 1994թ.–ը, գտնվել է Աղդամի շրջանում։ Առաջին պատերազմի ավարտից հետո դրանք ընդգրկվել են Մարտակերտի շրջանի մեջ։