Սերժ Սարգսյանի կինը մահացել է

Ռիտա Սարգսյանը վարակվել էր կորոնավիրուսով, տևական ժամանակ ծանր վիճակում էր։ Նրա տեղափոխել էին արտերկիր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը` Ռիտա Սարգսյանը, մահացել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին երրորդ նախագահի գրասենյակից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռիտա Սարգսյանը կորոնավիրուսով է վարակվել և գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրան տեղափոխել էին Գերմանիայի բժշկական կենտրոններից մեկը։

Նոյեմբերի 18-ին Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտնել էր, որ Ռիտա Սարգսյանի առողջական վիճակը, որը կորոնավիրուսի պատճառով վատթարացել էր, բժիշկներին հաջողվել է կայունացնել։

Այդուհանդերձ, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Ռիտա Սարգսյանը 58 տարեկան էր։ Նա ծնվել է 1962 թ.–ի մարտի 6–ին Ստեփանակերտում։ Ավարտել է Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան 3-րդ միջնակարգ դպրոցը՝ ստանալով երաժշտական կրթություն։ Որոշ ժամանակ աշխատել է մանկապարտեզում որպես երաժշտության ուսուցչուհի։ Ստեփանակերտից Երևան տեղափոխվելուց հետո չի աշխատել։

Ռիտա Սարգսյանը և Սերժ Սարգսյանն ունեն երկու դուստր և 5 թոռ։