«Պապան ասում էր`երեխեքը չտեսնեն` ինչ մենք տեսանք». Նոր Մարաղայի բնակիչները լքում են գյուղը

Նոր Մարաղայի բնակիչները, տան իրերը հավաքելով, Sputnik Արմենիային պատմել են իրենց ցավի, իրենց մտահոգությունների և սպասելիքների մասին։
Sputnik

Նոր Մարաղայի բնակիչները դառնությամբ լքում են իրենց բնակավայրն ու տները։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը Մարտակերտի Նոր Մարաղայում հանդիպել է Կարապետյանների ընտանիքին, տեսել` ինչպես են նրանք հավաքում իրենց իրերն ու զրուցել նրանց հետ։

Տան մայրն ասում ` պատերազմից հետո երեխաների հետ մեծ հույսով հետ եկան, որ շարունակեն ապրել հայրենի գյուղում։

«5 օր առաջ երեխաներին վերցրեինք, եկանք, ասեցին` նորմալ է լինելու։ Իսկ հիմա ասում են` մեկ օր ենք տալիս հավաքվելու»,–պատմում է տան հայրը` Վարդան Կարապետյանը։ Նրանք 2 դուստր ունեն`11 տարեկան Մանեն և 9 տարեկան Նարեն։

Նոր Մարաղայի բնակիչ Վագիֆ պապն անասուններին էլ է հետը տանում. տեսանյութ

Վարդանը պատմում է, որ պատերազմի օրերին ինքը մնացել է հայրենի հողը պահելու, երեխաներին ուղարկել է Մարտունի։ Հիմա 5 օր առաջ ետ եկած ընտանիքի հետ ստիպված է ինքն էլ մեկնել, այս անգամ` Ջերմուկ։

«Եթե ոչ մի օգնություն ցույց չտան, գործ չգտնեմ, երևի կգնամ Ռուսաստան։ Հիմա ես որտե՞ղ աշխատեմ, որ նորից տուն սարքեմ»,–ասում է Վարդանն ու հավելում, որ մինչ պատերազմը ոսկու հանքում է աշխատել։

Եթե ապահով միջավայր ստեղծվի երեխաների համար ու ոսկու հանքն էլ աշխատի, ինքն Արցախից տեղ չի գնա։

«Միգուցե, հետո լավ լինի, բոլորս այդ հույսով ենք ապրում»,–նշում է Վարդանը։ Նրա կողքը կանգնած հայրն էլ ասում է, որ 60 տարի է` տուն են սարքում` սկզբում հին Մարաղայում, հետո` Նոր Մարաղայում։

«Պապան ասում էր`մեր երեխեքը չտեսնեն` ինչ մենք տեսանք։ Երեխեքն էլ տեսան, թոռներն էլ»,–հավելում է Վարդանն ու հավաքում իրերը։

Հիշեցնենք, նոյեմբերի 18–ին հայտնի դարձավ, որ Մարտակերտի շրջանի մի շարք համայնքներ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ի կատարումն Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների:

Մասնավորապես` Ադրբեջանին են անցնում Մարտակերտի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ բնակավայրերը։ Եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանին մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը։Այս գյուղերի տարածքը նախկինում` մինչ 1994թ.–ը, գտնվել է Աղդամի շրջանում։ Առաջին պատերազմի ավարտից հետո դրանք ընդգրկվել են Մարտակերտի շրջանի մեջ։