Արցախի նախագահը Կարմիր խաչի ներկայացուցչի հետ քննարկել է ռազմագերիների փոխանակման հարցը

Նախագահը կոմիտեի ներկայացուցչին հայտնել է արցախյան կողմի պատրաստակամությունը՝  ակտիվորեն աջակցել ռազմագերիների փոխանակման գործընթացին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունտին: Տեղեկությունը նշված է նախագահի Facebook-ի պաշտոնական էջում։

Կարմիր խաչը շարունակում է այցելել Ադրբեջանում պահվող հայ քաղաքացիներին, բայց խնդիրներ կան

«Բարձր գնահատելով Կարմիր խաչի ջանքերը պատերազմական գործողությունների դադարից հետո հակամարտության գոտուց զոհվածների մարմինների հանման և անհայտ կորածների որոնման գործընթացում՝ ընդգծել եմ, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի ուշադրության ներքո է նաև ռազմագերիների փոխանակման խնդիրը»,- նշված է գրառման մեջ։

Նախագահը հորդորել է նոր թափ հաղորդել ռազմագերիների փոխանակման կազմակերպման գործընթացին, առավելագույն ջանքեր գործադրել։ 

Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։ Պաշտպանի հետ միասին քննարկվել են փոխգործակցության շրջանակում իրականացվելիք մի շարք այլ աշխատանքներ:

Գերիների և դիակների փոխանակում. ՊՆ–ն արդեն աշխատում է խաղաղապահների և Կարմիր խաչի հետ

Հիշեցնենք, որ հայկական և ադրբեջանական կողմերը նոյեմբերի 13-ին փոխանակել են Ղարաբաղյան հակամարտության ընթացքում զոհվածների 385 մարմիններ:

Անհետ կորածների մասին պաշտոնական տվյալներ չկան, սակայն համացանցում շրջանառվող լուրերի համաձայն՝ նրանց թիվը հազարից ավելի է։

Գերիների թիվը, նախնական տվյալներով, 18-20 է։