3 նոր նախարար ունենք. Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագրերը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրերը ստորագրել է ՀՀ վարչապետ Փաշինյանի առաջարկով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը քիչ առաջ 3 նոր նախարարների նշանակման հրամանագրեր է ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Վանեցյանը կոչով դիմել է նրանց, ում Փաշինյանը պաշտոն կառաջարկի

Ըստ հրապարակված պաշտոնական տեղեկատվության` արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում Ֆելիքս Ցոլակյանին փոխարինել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, ինչպես արդեն հայտնել էինք, փոխարինել է ՀՀ վարչապետի խորհրդական, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել ՀՀ վարչապետի մեկ այլ խորհրդական` Մեսրոպ Առաքելյանը։ Նա այդ պաշտոնում կփոխարինի Զարուհի Բաթոյանին։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 16–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել։ Կարճ ժամանակ անց ԱԳՆ խոսնակը հայտնեց, որ Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և հրապարակեց նրա ձեռագիր դիմումը։

Իսկ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրաժարականի դիմում ներկայացրեց նոյեմբերի 17–ին։

Վերջին օրերին իրենց պաշտոններից հեռացել են նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Աշոտ Ղուլյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության փոխնախարար Իրինա Ղափլանյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը։

Նշենք, որ պաշտոնյաների ու պատգամավորների հրաժարականները սկսվել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունից հետո։