«20 տարի ապրել ենք, մեր ձեռքը չի գնա, որ վառենք». Ուղտասարի բնակիչները լքում են գյուղը

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է Ասկերանի Ուղտասար գյուղում, զրուցել իրենց տները դառնությամբ լքող բնակիչների հետ։
Sputnik

Ասկերանի Ուղտասար գյուղի բնակիչները տներից հանում են իրենց գույքն ու կահ-կարասին, փորձում տանել ամենաանհրաժեշտն ու գյուղը հանձնել թշնամուն։

«Ծնողներս են այստեղ ապրում, ես Ասկերանում եմ, տանում ենք հիմա սրանք Ասկերան։ Հետո տեսնենք, թե ինչպես կդասավորվի, չգիտենք»,–եղածը դուրս բերելով պատմում է Ասկերանցի տղամարդը` Արմանը։

Տանտեր կինը հավաստիացնում է` չեն վառելու, ում ձեռքը կգնա սա վառել։

«Ամեն ինչն եմ կարոտելու, շատ մեծ ցավ է». Նոր Մարաղայի բնակիչը լքում է տունը. տեսանյութ

«Մենք էս տան մեջ 20 տարի ապրել ենք, մեր ձեռքը չի գնա, որ վառենք։ Առաջին անհրաժեշտության բաները հանենք, մնացածը ինչը կմնա, կմնա, ամեն ինչ չենք կարող տանել»,–դառնությամբ պատմում է նա։

Ուղտասարի բնակիչ Ալվարդ Գևորգյանն էլ ասում է, որ իրենք այս գյուղում են 2002 թ–ից, որովհետև  կառավարությունը ամուսնուն հրավիրել է այստեղ որպես լավ մասնագետի գյուղը վերակառուցելու, վերաբնակեցնելու համար։

«18 տարի էստեղ ենք ապրում, չարչարվել, շենացրել ենք, չենք պատկերացրել, որ այսօր այս վիճակում կհայտնվենք»,–ասում է նա։

Արձան ու եկեղեցի են պղծում, նվաստացնում զառամյալ արցախցուն. ԱԳՆ–ն դատապարտել է Ադրբեջանին

Պատմում է`տարածքը իրենց են տվել վառված ավերված վիճակում, բայց հիմա իրենք բոլոր այս շինությունները թողնում են ու գնում։ «Վերջը մարդիկ են գալու էստեղ ապրեն, էդ մարդիկ էլ մեղավոր չեն, որ իրավիճակը էսպես է։ Մենք հայ քրիստոնյա ենք, ամեն պահ Աստված ենք կանչում»,–արցունքն աչքերին ասում է Ալվարդը` հավելելով, որ ներքևում նաև մեծ ֆերմա ունեն, անասուններ, հեկտարով այգիներ։

Ասում է`մեծերով Ասկերանում կմնան, երիտասարդները, չգիտի`այս սարսափ տեսնելուց հետո, այլևս կուզեն մնալ այստեղ։