ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Մոսկվան, Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը մշակելիս, չի ձգտել ինչ-որ քաղաքական միավորներ վաստակել։
«Ոչ, մենք նման ձգտում չենք ունեցել», - ասել է Լավրովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ Մոսկվայում փիլիսոփայորեն են վերաբերվում նրան, թե ինչպես են փորձում մեկնաբանել նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը և դրան հասնելու գործում Ռուսաստանի դերը:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: