Փակ շրջան. ինչպե՞ս պետք է Ադրբեջանին հանձնվող գյուղերի բնակիչները հանեն իրենց ունեցվածքը

Արցախի տեղահանված գյուղերի ու քաղաքների բնակիչները փորձում են փրկել գոնե այն, ինչ դեռ մնացել է իրենց տներում: Բայց բեռնատարներ չկան, պետությունն էլ միայն կտրոններ է տալիս, որոնք, արցախցիների խոսքով, անիմաստ են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Արցախի Քաշաթաղի շրջանի բնակիչները չեն կարողանում իրենց տան գույքը դուրս բերել Ադրբեջանին հանձնվող բնակավայրերից: 

Պատերազմի օրերին Երևան տեղափոխված Խաչատրյանների ընտանիքի դուստրը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ այս պահին հայրը Բերձորում է, փորձում է փրկել գոնե տարիների աշխատանքով ձեռք բերված գույքը, իսկ իրենք Երևանում են ու փորձում են բեռնատար ավտոմեքենա գտնել Բերձոր գնալու համար:

«Նույնիսկ մեքենա չենք կարողանում գտնել, եղածներն էլ այնպիսի գումար են ուզում, որ ուղղակի անհնար է վճարել»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա նաև հայտնեց, որ դիմել են ՀՀ կառավարության տարբեր գերատեսչությունների, բայց ամեն տեղ նույն պատասխանն են ստացել.

Ղարաբաղ չմնաց․ Նոր Մարաղա գյուղի բնակիչը չգիտի՝ երեք երեխաներին որտեղ ու ինչպես է պահելու

«Մենք այդ հարցով չենք զբաղվում»:

Նույն պատասխանն են ստացել նաև Երևանում տեղակայված` Արցախի կառավարության օպերատիվ շտաբից:

Նման խնդրի հետ այս օրերին բախվել են ոչ միայն Խաչատրյանները, այլև Արցախից տեղահանված շատ այլ ընտանիքներ: Չկա միջոց, չկա մեքենա, չկա պետական մարմին, որն իր վրա կվերցնի առանց այդ էլ հոգսերի տակ կքած այս մարդկանց գոնե մի խնդիրը:

Մենք որոշեցինք որպես լրատվամիջոց նաև սեփական հարցախույզն անցկացնել ՀՀ պետական այն կառույցներում, որոնք տրամաբանորեն կարող էին այս հարցով աջակցություն ցույց տալ արցախցիներին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում մեզ հայտնեցին, որ հարցն իրենց լիազորությունից դուրս է: Նույն պատասխանը տվեցին նաև էկոնոմիկայի նախարարությունում՝ հավելելով, որ դրանով հնարավոր է` զբաղվում է ԱԻՆ-ը: ԱԻՆ-ում էլ մեր հարցը զարմանքով ընդունեցին՝ ասելով, որ իրենք զբաղվում են միայն հումանիտար օգնությունների բաշխմամբ ու մի շարք այլ՝ հրապարակման ոչ ենթակա գործառույթներով: Դրանց թվում, սակայն, հանձնվող տարածքներից մարդկանց անձնական գույքի դուրսբերումը ներառված չէ: Դրանով չեն զբաղվում նաև տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարությունում:

Սա խանութս էր, վառում եմ. Մարտակերտի շրջանի բնակիչներն իրերը դուրս բերելու ժամանակ չունեն

Արցախի կառավարության՝ Երևանում գործող շտաբում ևս մեզ ասացին, որ այդ հարցն իրենց իրավասության ներքո չէ: Մեզ ու արցախցիներին խորհուրդ տվեցին այդ հարցով դիմել Ստեփանակերտում գործող Արցախի տեղեկատվական շտաբին:

Ղարաբաղի մեջ դարձանք փախստական. Ասկերանի շրջանի բնակիչ

«Իրենք առաջին հերթին պետք է դիմեն իրենց շրջվարչակազմի ղեկավարին: Նրանք պետք է ինչ-որ լուծում տան»,- մեր հարցին ի պատասխան ասացին Արցախի տեղեկատվական շտաբից:

Երկարատև ու անիմաստ այս փոխանցումների արդյունքում պարզ է դառնում, որ արցախցին ուղղակի անիմաստ ժամանակ է կորցնում հույսը պետության վրա դնելով ու ի վերջո մնում է միայնակ՝ իր խնդիրներին դեմ հանդիման:

Այս պայմաններում բերձորցիներն ընդամենը 10 օր ժամանակ ունեն գումար ու ավտոմեքենա հայթայթելու: Նրանց պաշտոնապես մինչև դեկտեմբերի 1-ն է ժամանակ տրվել: Իսկ, օրինակ, Մարտակերտի 7 գյուղերի բնակիչներն ընդամենը 1 oր ունենք իրենց տները լքելու համար:

Ադրբեջանի վերահսկողությանը հանձնված բնակավայրերի բնակիչներն ունեն վերադարձի իրավունք

Նշենք, որ Մարտակերտի քաղաքապետ Հայկ Բախշիյանը երեկ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ մարտակերտցիներին Արցախի կառավարությունն աջակցում է իրենց գույքը տարհանելու հարցում: Նրանց բենզինի կամ դիզվառելիքի կտրոններ են տրամադրում, բայց ոչ ավտոմեքենաներ:

Մինչդեռ Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղի բնակիչ Արարատ Գաբրիելյանն այս աջակցությունն անիմաստ է համարում՝ նշելով, որ տեղում մեքենաներ չկան:

«Բա չենք ասում՝ ա՛յ ղեկավար, դու որ գյուղերը հանում ես, ինչո՞վ ես հանում: Ստից մի հատ բենզին են տալիս: Բենզինն ի՞նչ ա, բռնելու ենք` խմենք, ավտոյի տեղ գնա՞նք: Որ ավտո չկա, բենզինն ի՞նչ անես»,- ասում է Նոր Մարաղայի բնակիչը՝ հիշերով, որ ինչպես ինքն էր 92թ-ի Մարաղայի հայ բնակչության կոտորածից հետո, իր բնորոշմամբ, «ընկել չոլերը», այնպես էլ այսօր իր երեխաներն են այդ նույն բախտին արժանանում՝ արդեն Նոր Մարաղայից տեղահանվելով:

Հանուն ճշմարտության նշենք, որ կան մեկ-երկու մասնավոր ընկերություններ, որոնք իրենց ունեցած մի քանի մեքենաներով փորձում են աջակցել գաղթի ճամփին հայտնված իրենց հայրենակիցներին: Բայց նրանց ռեսուրսները խիստ սահմանափակ են, մեքենաները՝ քիչ, իսկ բարեգործության հերթում սպասողները՝ չափազանց շատ: Եվ չի բացառվում, որ շատերի հերթն այդպես էլ չհասնի, իսկ պետությունը զբաղված է այլ՝ գուցե ավելի կարևոր խնդիրներով:

Բնակիչները վերադառնում են Ստեփանակերտ. Երևանից 11 ավտոբուս է մեկնել Արցախ. լուսանկարներ