ԱԺ-ն ընդունեց Վրաստանի հետ վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգող համաձայնագիրը

Համաձայնագրի վավերացման համար Հայաստանը մինչև նոյեմբերի 30-ը ժամանակ ունի, այլապես ստիպված կլինի տուգանք վճարել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. ԱԺ-ն այսօր 72 կողմ ձայներով ընդունեց Վրաստանի հետ վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգող համաձայնագրի նախագիծը:

Ինչպես ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը, այս ծրագիրը Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի տրամաբանական և ֆիզիկական շարունակությունն է:

Արցախի ճանաչման հարցն առաջիկայում կարող է բերվել ԱԺ. Հայաստանը փաստացի ճանաչել է Արցախը

«Ծրագրի իրականացման ընթացքում պետք է կառուցվեն էլեկտրահաղորդման գծեր՝ Դդմաշեն գյուղից մինչև Այրում, Այրումում պետք է կառուցվի բարձր լարման հոսանքի փոխակերպիչ կայան, Դդմաշենում՝ ենթակայան, այնուհետև Այրումից էլեկտրահաղորդման գիծ՝ դեպի Վրաստան»,- հայտնեց փոխնախարարը:

Նա նաև բացատրեց, թե ինչու է անհրաժեշտություն առաջացել համաձայնագրի ժամկետը երկարաձգելու: Նրա խոսքով` ծրագրի իրականացման ընթացքը կասեցվել էր դեռ 2017-ին, նախորդ կառավարության կողմից` ծրագրի իրականացման նոր տեխնիկական հնարավորություններն ուսումնասիրելու համար:

«Նախորդ կառավարությունը տեսականորեն հնարավորություն էր տեսել առանց փոխակերպիչ կայանի միացման, այսինքն՝ սինքրոն կապի միջոցով վրացական և ռուսական էներգահամակարգերին միանալու»,- պարզաբանեց Վարդանյանը:

Ծրագրի կասեցումից 3 տարի անց, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի բնորոշմամբ, Հայաստանի էներգահամակարգի զարգացումը վտանգված է, քանի որ այն հնարավոր չէ պատկերացնել առանց այդ ծրագրի իրականացման:

Սա սուվերեն միջանցք էլ չէ, սա մեր տարածքն է. «Իմ քայլը»՝ Սյունիք-Նախիջևան ճանապարհի մասին

Փոխնախարարի խոսքով` այդ ծրագրով ոչ միայն ՀՀ էներգետիկ համակարգի  անվտանգության խնդիրն է լուծվում, այլև Հայաստանը խուսափում է շուրջ 16 մլն եվրո տուգանքից:

Բանն այն է, որ մինչև նոյեմբերի 30-ը համաձայնագրի վերանայված ժամկետներով տարբերակը չվավերացնելու դեպքում Հայաստանի նկատմամբ կկիրառվի տուգանք՝ միջպետական պայմանագրի դրույթները չկատարելու հիմքով: