Սա խանութս էր, վառում եմ. Մարտակերտի շրջանի բնակիչներն իրերը դուրս բերելու ժամանակ չունեն

Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջուր գյուղ, որի բնակիչները կարճ ժամանակ ունեն իրենց բնակավայրերը լքելու համար։ Մեր տեսանյութում գյուղի բնակիչներից մեկը պատմում է, որ խանութն այրելուց հետո տունն է նույն բախտին արժանացնելու։
Sputnik

Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջուր գյուղի բնակիչները երեկ են իմացել, որ մինչև նոյեմբերի 19-ը, ժամը ինը պետք է դուրս գան իրենց համայնքից։

Բնակիչներից մեկն ասում է` Ժամանակ չունենք իրերը դուրս բերելու։ Ամենաճիշտ տարբերակը համարում են իրենց ունեցածը վառելը, որպեսզի ադրբեջանցիներին չմնա։

«Սա խանութս էր, վառում եմ։ Տունն էլ ներքևում է, մի քիչ հետո էլ տունը կվառեմ։ Մենակ էրեխեքի շորերն ենք հանել։ Որովհետև կարճ ժամանակում չէինք հասցնի իրերը հանել»,– ասում է նա։

Պատմում է, որ ավելի քան 10 տարի ապրում է այստեղ։ Երեք որդի ունի` մեծը 6 տարեկան է, միջնեկը` 4, իսկ փոքրը` 4 ամսական։ Առայժմ կգնա Մարտունի, հետո չգիտի` ինչ է անելու, բայց վստահեցնում է, որ Արցախից չի հեռանալու։

Սրբությունը թշնամուն չեն թողնում. Քարվաճառում աճյուններ են արտաշիրիմում. տեսանյութ

Հիշեցնենք` Արցախի տեղեկատվական շտաբն այսօր հայտնեց, որ Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ բնակավայրերն անցնում են Ադրբեջանին՝ ի կատարումն Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների:

Եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանին մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը։

Այս բնակավայրերը, ինչպես նաև Ակնա բնակավայրը (Աղդամ) մինչ 1994թ–ը գտնվել են Աղդամի շրջանում։ Առաջին պատերազմի ավարտից հետո ընդգրկվել են Մարտակերտի շրջանի մեջ։

Ինչ տեսք ունի Մարտակերտը պատերազմից հետո. տեսանյութ