Նիկոլ Փաշինյանի առաջարկած ճանապարհային քարտեզում բացակայում էր հրաժարականի կետը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Նիկոլայ Դունամալյանը` մեկնաբանելով ՀՀ վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզում տեղ գտած կետերը։
Փաշինյանն այսօր Facebook–ի իր էջում ներկայացրել էր առաջիկա ամիսների ճանապարհային քարտեզը և հայտնել, որ 2021 թվականի հունիսին հանդես կգա այդ քարտեզի իրագործման հաշվետվությամբ։
«Միակ կետը, որ չկար այստեղ, հրաժարականի կետն էր, որը կարող էր բալանսավորել և տրամաբանություն հաղորդել առաջարկներին և այս կետերին։ Դա կտար որոշ քայլերի շղթա, որը կօգտագործվեր այս ճգնաժամից դուրս գալու նպատակով»,- ասաց նա։
Դունամալյանի խոսքով` Փաշինյանը փորձում է ժամանակ շահել և մնալ վարչապետի պաշտոնում` զուգահեռաբար փորձելով հնարավորինս բարելավել կառավարման որակը, բայց հասարակությունը նրան վստահելու որևէ երաշխիք չունի։
Մյուս կողմից, ըստ քաղաքագետի, ընդդիմադիրների կողմից Փաշինյանի հրաժարականի պահանջը չպետք է դառնա ինքնանպատակ։
«Չպետք է շարունակվի նույն գործընթացը, ինչ եղել է այս 25-30 տարվա ընթացքում, այսինքն`մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում»,- նշեց Դունամալյանը։
Անդրադառնալով վարչապետի` Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացի վերականգման կետին` քաղաքագետն ընդգծեց` նախ պետք է հասկանալ` այդ բանակցությունների համար հիմքեր կան, թե ոչ, ինչի շուրջ են ընթանալու բանակցություններն այն դեպքում, երբ Հայաստանի և Ադրբեջանի դիրքերն էական փոփոխություններ են կրել։
Կառավարության կառուցվածքային փոփոխություն չի քննարկվում. Փաշինյան