Փաշինյանի անլուրջ վերաբերմունքով մենք չեն կարող երկրում վիճակ փոխել. Գեղամ Մանուկյան

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի խոսքով` վարչապետը պատերազմի օրերին բազմիցս անլրջություններ է դրսևորել։ Մանուկյանը դրանք հիշեցրեց օրինակներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու ամիս շարունակ իր օրինակով պետք է ցույց տար, որ երկրում ռազմական դրություն է, երկրում պատերազմ է, կա պատերազմական կարգապահություն, սակայն անլրջություն ցուցաբերեց։

Երբ անհրաժեշտություն լինի, ես ձեզ կհրավիրեմ հրապարակ. Փաշինյանը խնդրեց դադարեցնել հավաքը

Նա հիշեցրեց` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի երեկվա հայտարարությունը, ըստ որի` պատերազմի մեկնարկից 4 օր հետո Անվտանգության խորհրդի նիստում տեղեկացրել է Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը, որ վիճակը լուրջ է, ունեցած նյութական, մարդկային ռեսուրսները սահմանափակ են, պետք է քայլեր ձեռնարկվել պատերազմը կանգնեցնելու համար։

«Յուրաքանչյուրդ մի պահ պատկերացրեք` եթե լինեիք երկրի ղեկավար և հոկտեմբերի 2–ին ձեզ բանակի հրամանատարն ասեր, որ վիճակը լուրջ է, ի՞նչ պետք է անեիք։ Բնականաբար օրը 24 ժամ պիտի լծվեիք աշխատանքի։ Իսկ ի՞նչ է անում ՀՀ վարչապետը։ Նա հոկտեմբերի 8–ին Facebook-ում հրապարակում է տեսանյութ, որում իր աշխատասենյակում նստած զանգում է առաջնակետեր և, հերթապահ սպաների ու զինվորների հետ խոսելով, կատակում է, ռազմական գաղտնիքներ է հարցնում, սպաներն ու զինվորները չեն պատասխանում։ Նա էլ երեխայի պես ուրախանում է, թե ինչ լավ է` ռազմական գաղտնիք չեք բացահայտում։ Սա էր լրջագույն պահին վարչապետի լրջությունը»,–ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով `այդպիսի անլրջություններ վարչապետը դրսևորել է բազմիցս, երբ օրերով անհետացել է, և ոչ ոք ոչինչ չի իմացել։

«Դրա համար ենք ասում, որ Նիկոլը պետք է հեռանա, քանի որ նրա անլուրջ վերաբերմունքով մենք չեն կարող երկրում վիճակ փոխել։ Այսպես մեր երկիրը մեջքը չի կարող ուղղվել» ,–ասաց նա։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։

Ընդդիմադիր կուսակցություններն ամեն օր հանրահավաքներ են կազմակերպում` պահանջելով Փաշինյանի հրաժարականը։

Փաշինյանը խոսեց Ադրբեջանին փոխանցված բնակավայրերի փախստականների վերադարձի մեխանիզմի մասին