Sputnik Արմենիայի նկարահանող խումբը զրուցել է Ստեփանակերտ վերադարձած տարեց ամուսինների հետ, որոնք իրենց այգու նուռն են հավաքել, որ տուն տանեն։ Ասում են` այս տարի վաճառել չեն կարող, որովհետև ճանապարհներն այն չեն։
«Տանում ենք տուն, որ ձմեռը երեխաներն ուտեն։ Աղջիկներս, թոռներս եկել են, տեսնենք` ինչ ենք անում։ Անորոշ վիճակ է, մենք էլ չգիտենք` ինչ անենք, բայց դե ուրիշի տունը ո՞նց մնանք, ո՞նց ապրենք»,–ասում է կինը։
Նա շնորհակալություն է հայտնում այն մարդկանց, որոնց տանը մնացել է պատերազմի օրերին, բայց ասում է`ինչքա՞ն կարելի էր ուրիշի տանն ապրել։
Իսկ վերջում կինը հուսահատ ուսերը թափ է տալիս.
«Ղարաբաղի մեջ դարձանք փախստական»։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։
Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։