Սրբությունը թշնամուն չեն թողնում. Քարվաճառում աճյուններ են արտաշիրիմում. տեսանյութ

Ավետիք Գաբրիելյանը Երևանից եկել է Քարվաճառ` հորեղբոր աճյունը այստեղի գերեզմանոցից արտաշիրիմելու և Երևան տեղափոխելու համար։
Sputnik

Քարվաճառում մարդիկ արտաշիրմում են իրականացնում և իրենց հարազատների աճյունները տեղափոխում Երևան։

Associated Press–ի նկարահանող խումբը ականատես է եղել նման տասնյակ դեպքերից մեկին և զրուցել մարդկանց հետ։

Կադրերում երևում է, թե ինչպես մի քանի տղամարդ համատեղ ուժերով փորում են գերեզմանոցը, դուրս բերում դագաղը և այն տեղափոխում բեռնատար մեքենայի մեջ։

«Մեզ լավ են ընդունել, բայց մենք մեր տունն ենք կարոտել». պատմում են Արցախ վերադարձած կանայք

Ավետիք Գաբրիելյանը Երևանից եկել է Քարվաճառ` հորեղբոր աճյունը այստեղի գերեզմանոցից արտաշիրիմելու և Երևան տեղափոխելու համար։ Լրագրողների հետ զրույցում նա ասում է, որ այլ տարբերակ չի տեսնում։

«Հո չենք թողնելու այստեղ։ Դրան իմաստ չկա։ Եթե իմանայինք, որ այնպիսի մարդիկ են գալու այս տարածքներ, որ ձեռք չեն տա գերեզմաններին, հուշարձաններին, գուցե նման բան չանեինք», – ասում է Գաբրիելյանը։

Քարվաճառի շրջանը, համաձայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ եռակողմ հայտարարության, պետք է հանձնվեր Ադրբեջանին նոյեմբերի 15-ին։ Ադրբեջանական կողմը 10 օրով երկարացրել է ժամկետը` դարձնելով այն նոյեմբերի 25։