Քոչարյանը յոթ օր առաջ էր գրել իր հրաժարականի դիմումը. լուսանկար

Պաշտոնյան հրապարակել է իր հրաժարականի դիմումը, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է նոյեմբերի 17-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ փոխարտգործնախարարի պաշտոնից ազատված Շավարշ Քոչարյանը Twitter–ի իր էջում հրապարակել է պաշտոնից ազատվելու դիմումի լուսանկարը։

«Խնդրում եմ ընդունել իմ հրաժարականը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից» գրված է տեքստում։ Իսկ ներքևում նշված է ամսաթիվը` նոյեմբերի 10։

​Հիշեցնենք` ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունն այսօր հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը Շավարշ Քոչարյանին ազատել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից:

Քոչարյանի` պաշտոնից հրաժարվելու մասին տեղեկություններ էին տարածվել դեռ երեք օր առաջ` նոյեմբերի 14-ին, սակայն ԱԳՆ մամուլի խոսնակը Sputnik Արմենիային հայտնել էր, որ նա շարունակում է կատարել իր պարտականությունները։

Շավարշ Քոչարյանը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2008 թ. օգոստոսի 2-ից։

Մինչ այդ նա չորս գումարման պատգամավոր է եղել։

Նշենք, որ երեկ պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել նաև ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Այսօր նա հրաժեշտ է տվել ԱԳՆ անձնակազմին։