ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր քառօրյա նիստի իր ելույթում անդրադարձավ Արցախյան պատերազմի ընթացքում ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը: Նա հիշեցրեց, որ սեպտեմբերի 28-ին ինքն ԱԺ ամբիոնից ԱԺ նախագահին հարց է ուղղել, թե ում է դիմում Արցախի հացով ՀՀ իշխանությունը և ստացել է պատասխան՝ միջազգային հանրությանը:
«Ասել եմ` բա ո՞ւր է քո ռազմավարական գործընկերը, ինչո՞ւ չես դիմում Ռուսաստանին: Ասել եմ` լրացրեք տեքստում, ո՞ւմ եք անհասցե դիմում: Ի՞նչ եղավ, միջազգային հանրությունն ի՞նչ արեց»,- ասաց Մելքումյանը:
Նա նաև հիշեցրեց, որ սեպտեմբերի 29-ին ՌԴ պետդումայում տեղի ունեցած քննարկումից հետո Ռուսաստանն առաջարկել է միջնորդական առաքելությամբ այցելել Երևան, Ստեփանակերտ, ապա Բաքու:
«Թուղթը մոտս է, հենց հիմա ջեբս դրած ա: Եղավ հետևյալը՝ ի՞նչ խաղաղապահ, ի՞նչ խաղաղապահի մասին է խոսքը: Այն ժամանակ խաղաղապահի մասին էլ խոսք չկար, կար ռազմական դիտորդների մասին: Հիմա էս ի՞նչ ենք անում»,- ասաց Մելքումյանը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ու ԱԺ-ը պետք է քննարկի միայն մեկ հարց՝ նրա հրաժարականը:
«Նոր իշխանություններ, նոր բանակցություններ: Պարտված ղեկավարը չի կարող բանակցություններ վարել»,- ասաց Մելքումյանը:
Նշենք, որ ՀՀ ազգային ժողովը հրադադարի հաստատումից հետո այսօր առաջին անգամ հերթական քառօրյա նիստ է գումարել:
Նիստին ներկա է 81 պատգամավոր, այդ թվում նաև` ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։
Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։
Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։
Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1434 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։