Նախարարի հրամանը կատարեցին` վերադարձան նույն կազմով. ԱԻՆ աշխատակիցները հետ եկան առաջնագծից

Առաջնագիծ մեկնած կամավորագրված փրկարարների գումարտակը գնացել է հենց այնտեղ, ուր իրեն ուղղորդել են` պատրաստակամ կատարելով բոլոր հանձնարարությունները։
Sputnik

Արտակարգ իրավիճակների նախարարության` առաջնագիծ մեկնած կամավորագրված փրկարարների գումարտակը վերադարձել է Արցախից։ Տղաները պատերազմ էին մեկնել հոկտեմբերի 30-ին` ստանալով մեկ պատգամ նախարար Ֆելիքս Ցոլակյանից` վերադառնալ նույն կազմով։

«Վերադարձե՛ք հաղթանակով: Մենք բոլորիդ՝ մեկ առ մեկ, սպասում ենք նույն կազմով, և սա հրաման է... Խիղճ և խաղաղություն բոլորիս...», – ասել էր նախարարը։

«Հետ բերենք հողը, փառքը հայության». հադրութցի Արթուր Խաչենցը միասնության կոչ է անում երգով

Գումարտակը կատարել է այս հրամանը` վերադարձել է առանց զոհ տալու։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ԱԻՆ–ից։

Նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրապարակել է տեսանյութ` կամավորների  վերադարձից։ Նրանց ողջունելիս` նախարարն ասել է, որ անընդհատ մտածում էր նրանց վերադարձի մասին։

«Ձեր գնալով իմ ձեռքերը կապված էին։ Շնորհակալություն ասելը ձեզ քիչ է, զգացված եմ, խոնարհվում եմ ձեր առջև», – ասաց նա։

Նախարարի խոսքով` առաջնագիծ մեկնած կամավորագրված փրկարարների գումարտակը գնացել է հենց այնտեղ, որտեղ իրենց ուղղորդել են` պատրաստակամ կատարելով բոլոր հանձնարարությունները։

«Մեր ջոկատի գնալու հենց առաջին օրը ստացել եմ Արցախի նախագահի շնորհակալական խոսքը», – ասաց Ցոլակյանը։

Նշենք, որ ԱԻՆ գումարտակը առաջնագծում է եղել մոտ երեք շաբաթ։