Կոնստանտին Տեր-Նակալյանին ծեծի է ենթարկել հարևանը. նրան բերման են ենթարկել

Կոնստանտին Տեր-Նակալյանը հրաժարվել է հաղորդում և բացատրություն տալ։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանն ու հարևանությամբ բնակվող 30-ամյա մի տղամարդ են բանավիճել երեկ։

Ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի լույս 17-ի գիշերը «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «վերին շրթունքի և աջ ականջի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կոստանտին Տեր-Նակալյանը։

«Արմենիա» ավիաընկերության գրասենյակից խոշոր գումար են գողացել

Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների հետ, օպերատիվ կերպով պարզեցին, որ Կոստանտին Տեր-Նակալյանն ու հարևանությամբ բնակվող 30-ամյա մի տղամարդ բանավիճել են։

Վեճը վերածվել է ծեծկռտուքի, ինչի ընթացքում էլ Կոստանտին Տեր-Նակալյանը վնասվածքներ է ստացել։

Ահազանգից րոպեներ անց տղամարդն իր բնակարանից բերման է ենթարկվել ոստիկանություն ու կատարվածի վերաբերյալ բացատրություն տվել։

Կոնստանտին Տեր-Նակալյանը հրաժարվել է հաղորդում և բացատրություն տալ։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դատաբժշկի ուղեգիր է տրվել նաև բերման ենթարկվածին։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ երեկոյան համացանցում տեղեկատվություն տարածվեց, որ հարձակման է ենթարկվել «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը։

Նախնական տեղեկություններով` երկու անհայտ անձ փողոցում հրահրել են վիճաբանություն արցախյան պատերազմի թեմաներով՝ պաշտպանելով Նիկոլ Փաշինյանի մոտեցումները, այնուհետև սառը զենքով հարվածել են Կոստանտինի դեմքին՝ հասցնելով վնասվածք շրթունքի շրջանում, ինչպես նաև վնասվածքներ են հասցրել ոտքի շրջանում։