Իսպանիան կարող է դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին

Իսպանացի պատգամավորները նաև առաջարկում է հումանիտար օգնություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Իսպանիայի կոնգրեսն ընդունել է պատգամավոր Ջոն Ինյարիտուի առաջարկը` Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու։ Տեղեկությունը հայտնում է Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի դեսպանությունը Facebook-ի պաշտոնական էջում։ Նշվում է նաև, որ առաջարկ միջնորդությունը վերաբերում է նաև Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելուն։

«Իսպանիայի կոնգրեսն ընդունեց Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու՝ պատգամավոր Ջոն Ինյառիտուի առաջարկ-միջնորդությունը»,- նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։

Ի՞նչ ճակատագիր կունենան Ադրբեջանի տիրապետության տակ անցած պատմամշակութային հուշարձանները

Իր ելույթում առաջարկի հեղինակ Ինյարիտուն ընդգծել է փախստականների ընտանիքներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հրատապ անհրաժեշտությունը և միջազգային կազմակերպություններում ակտիվ դիրքորոշման պահպանման կարևորությունը, որպեսզի Արցախի Հանրապետության հակամարտությունը ներառվի միջազգային մարդասիրական օրակարգում:

Նշենք, որ Ջոն Ինյարիտուն եվրոպական տարբեր երկրների խորհրդարանականներից կազմված պատվիրակության կազմում այս օրերին այցելել էր Արցախ և իր աչքերով տեսել պատերազմի հետևանքները։ Նա կոչ էր արել միջազգային հանրությանը մասնակցել բանակցությունների հիման վրա հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնումներին:

«Հաշվի առնելով ցեղասպանության սպառնալիքն ու էթնիկ զտումները, որոնք նրանք մտադիր են իրականացնել Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ` աշխարհն այլևս չի կարող լռել»,- ասել էր Ինյարիտուն:

Հայաստանը ՄԻԵԴ է դիմել Գորիս-Շուշի ճանապարհին անհայտ կորած 10 քաղաքացիների հարցով

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 10-ի կեսգիշերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները դադարեցվեցին։ Նոյեմբերի 15-ի ժամը 12.30-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1434 զոհված զինծառայողի անուններ։

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։ Նոյեմբերի 14-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2317 զոհված զինծառայողի դիակներ։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ադրբեջանն իր կորուստների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չի հայտնում, սակայն հայկական կողմի տվյալներով` Ադրբեջանի ԶՈւ–ն պատերազմի ընթացքում զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը