Խավարից դուրս եկող քաղաքը, կամ Ստեփանակերտում խնդիրները շատ են, բայց մեկն ամենակարևորն է

Արցախի մայրաքաղաքը կամաց-կամաց դուրս է գալիս «պաշարված քաղաքի» կարգավիճակից, բայց վերադարձը խաղաղ կյանքին դեռ շատ հեռու է, և հարցը միայն կենցաղային խնդիրները չեն։
Sputnik

Կասկածելի դեմքեր

Ստեփանակերտում մարդկանց մեծ մասը կամ զինվորականներ են, կամ զինվորական համազգեստ են կրում։ Կանայք (ներառյալ կամավորներն ու լրագրողները) քաղաքում շատ քիչ են, երեխաներ բոլորովին չեն երևում։

Հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո առաջին օրերին քաղաքում խոսակցություններ էին պտտվում, որ արվարձաններում կարելի է ադրբեջանցիների հանդիպել։ Հյուրանոցում (որի մասին քիչ ուշ կխոսենք), որտեղ մենք կանգ էինք առել, մեզ առաջարկեցին գիշերը շենքից շատ դուրս չգալ։

Խավարից դուրս եկող քաղաքը, կամ Ստեփանակերտում խնդիրները շատ են, բայց մեկն ամենակարևորն է

«Իսկ եթե դուրս կգաք` ոչ մենակ և բարձրաձայն կխոսեք հայերեն»,-խորհուրդ տվեց աշխատակիցը։

Պատահական չէ, որ ուշ երեկոյան Sputnik Արմենիայի նկարահանող խմբի կողքով անցնող ավտոմեքենաները դանդաղեցնում էին ընթացքը, որպեսզի ուշադիր նայեն տեսախցիկներով քաղաքը լուսանկարող մարդկանց։

Պատերազմի վերջին օրերին և խաղաղության հաստատումից հետո եղել են կողոպուտի դեպքեր։ Ինչ-որ մեկի անվադողերն են գողացել, մյուսի խանութն են կողոպտել... հիմա իրավիճակն ավելի բարվոք է։

Հյուրանոցներ

Այստեղ ժամանողների համար կարևոր է իմանալ, որ մի քանի օր առաջ քաղաքում ընդամենը երկու հյուրանոց էր գործում։

Դրանցից մեկը համարներն անվճար է տրամադրում, բայց ցանկացողները շատ ավելի շատ են, քան սենյակները։ Բուն հյուրանոցում 1-2 աշխատակից է մնացել, սպասարկում, ջեռուցում չկա, բայց երբեմն միանում էր Wi-Fi-ը։

Խավարից դուրս եկող քաղաքը, կամ Ստեփանակերտում խնդիրները շատ են, բայց մեկն ամենակարևորն է

Ում չեն կարողանում  համարներ տրամադրել, առաջարկում են փորձել ազատ բազկաթոռ կամ աթոռ գտնել նախասրահում կամ ռեստորանում(որը վաղուց կորցրել է իր նախկին տեսքը)։

Հենց այնտեղ մարդկանց ինչ-որ խմբեր են տեղավորվել՝ լրագրողներ, զինվորականներ, կամավորներ, էլի ինչ-որ մարդիկ։ Նրանք նստած քննարկում են քաղաքական իրավիճակը (համարներից հաճախ հայհոյանք է լսվում)։

«Եթե ազատ տեղ գտնեք՝ ձերն է։ Բայց տեղ չկա և դժվար թե մոտակա ժամանակում լինի»,-ներողություն խնդրող տոնով ասաց նախասրահում մեզ դիմավորած աշխատակիցը։

Խավարից դուրս եկող քաղաքը, կամ Ստեփանակերտում խնդիրները շատ են, բայց մեկն ամենակարևորն է

Այդ նախադասությունը նա կրկնում է բոլոր նորեկների համար։ Իսկ հյուրանոցում ասեղ գցելու տեղ չկա, միջանցքներում լրագրողները նստած են գետնին՝ վերջապես «բռնել» են թույլ Wi-Fi-ը։

Երկրորդ հյուրանոցում իրավիճակն ավելի բարվոք չէ։ Ժամանածներին առաջարկում են միասին ազատ համար փնտրել։

Քիչ հեռու Ադրբեջանի դրոշն է, կամ ի՞նչ տեսք ունի Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհը

Էլեկտրականությունն այնտեղ ապահովվում է գեներատորի միջոցով, այն էլ՝ միայն երեկոյան կողմ։ Ջեռուցում չկա, ինտերնետ կարող է լինել օրվա մեջ մեկ ժամ (եթե բախտդ բերի)։ Չհավաքած, կեղտոտ համարներ, լեփ-լեցուն միջանցքներ։ Ստեփանակերտում հյուրանոցների և տների մեծ մասին համար տաք ջուրը շքեղություն է հիմա։

Խավարից դուրս եկող քաղաքը, կամ Ստեփանակերտում խնդիրները շատ են, բայց մեկն ամենակարևորն է

Վերջին երկու օրում ևս մեկ-երկու հյուրանոց է բացվել, բայց պայմաններն էլի նույնն են։

Պարենամթերք

Պարենամթերքի (այդ թվում՝ ամեն տեղից ստացվող օգնության) բաշխումը պատերազմական գործողությունների ընթացքում քաղաքապետարանի հիմնական պարտականությունն էր։ Այս պահին էլ քաղաքային իշխանությունների առաջ նույն խնդիրն է դրված։ Հրադադարից հետո Ստեփանակերտում մոտ 1500 մարդ կար, հիմա նրանց թիվն աճում է։

Խավարից դուրս եկող քաղաքը, կամ Ստեփանակերտում խնդիրները շատ են, բայց մեկն ամենակարևորն է

Խանութները քաղաքում հետզհետե բացվում են, բայց մատակարարման ընդհատման պատճառով մթերքներն այնտեղ քիչ են, չեն հերիքում։ Հրետակոծություններից փրկված խանութներում հիմնականում հին ապրանք են վաճառում՝ այն ամենը, ինչը դեռ չի փչացել։ Վաճառակետերի մեծ մասում թարմ մթերքի դեռ սպասում են, ցուցափեղկերն առայժմ կիսադատարկ են։

Ամենամեծ պահանջարկն ունի հացը։ Սակավաթիվ փռերը դեռ չեն հասցնում հոգալ քաղաքի կարիքները, դրանց առաջ հերթեր են գոյանում։

Խավարից դուրս եկող քաղաքը, կամ Ստեփանակերտում խնդիրները շատ են, բայց մեկն ամենակարևորն է

Խանութներում նաև ծխախոտի պակաս կա, մատակարարումները սկսվել են, բայց դա առայժմ չի բավականացնում։ Ապրանքը մնացել է այն պահեստներում, որտեղ Հայաստանից օգնության խոշոր խմբաքանակներ էին հասնում։ Պատերազմի վերջին օրերին բաշխման գործընթացում ներգրավված մարդիկ մեկնել են, իսկ ապրանքն այդպես էլ մնացել է պահեստներում։

Առայժմ ավելի լավ է քաղաք գալ մթերքի սեփական պաշարով։

Գազ և էլեկտրականություն

Գազամատակարարումը Ստեփանակերտում դեռևս ապահովված չէ, էլեկտրականություն կա ոչ ամեն տեղ, չնայած վերջին օրերին քաղաքի մեծ մասը սկսել է երեկոյան լուսավորվել։ Նրանց համար, ովքեր պատերազմի ընթացքում տեսել էին խավարի մեջ թաղված քաղաքը, անսովոր տեսարան է։

Խավարից դուրս եկող քաղաքը, կամ Ստեփանակերտում խնդիրները շատ են, բայց մեկն ամենակարևորն է

Ստեփանակերտի քաղաքապետարանում Sputnik Արմենիայի թղթակցին ասացին, որ ցրտերն ընկնելուն պես սկսել են քաղաքացիներին ապահովել տաք հագուստով և փայտի վառարաններով։ Իշխանություններն աշխատում են գազամատակարարման վերականգնման ուղղությամբ, բայց խնդրի լուծման հստակ ժամկետներ առայժմ  չեն նշում։

Քաղաքում մի քանի բենզալցակայան է գործում։ Բենզին գտնելը դժվար է, իսկ գազալցակայաններում, ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ առավել ևս քաղաքից դուրս, հսկայական հերթեր են գոյանում։

Ռուս խաղաղապահները

Խաղաղապահները ժամանել են քաղաք, շտաբ են տեղակայել, առայժմ միայն հարմարվում են և կապեր հաստատում Արցախի պաշտպանության բանակի և իշխանությունների հետ։ Տեղի բնակիչները ռուս զինվորականներին բարեհամբույր են վերաբերվում։

Բուն Ստեփանակերտում ռուս զինվորականների առանձնապես չես հանդիպի։ Բայց դեպի Շուշի գնալու ճանապարհին հսկիչ անցագրային կետ կա, ռուս խաղաղապահների հետ միասին այնտեղ հերթապահում են ոստիկաններն ու հայ զինվորականները։ Շուշի մտնել հնարավոր չէ (ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող գոտուն մոտենալիս ևս մեկ հսկիչ անցագրային կետ է տեղակայված), բայց կարելի է գնալ դեպի հարավ՝ Կարմիր Շուկա գյուղի կողմ։ Հսկիչ անցագրային կետում առաջին հերթին ստուգում են զենք-զինամթերքի առկայությունը։ 

Խավարից դուրս եկող քաղաքը, կամ Ստեփանակերտում խնդիրները շատ են, բայց մեկն ամենակարևորն է

Խաղաղապահների և Կարմիր Խաչի միջնորդությամբ հակամարտության կողմերի միջև սկսվել է զինծառայողների մարմինների փոխանակումը։ Sputnik Արմենիայի թղթակիցները նման փոխանակումներից մեկի ականատեսն են դարձել։

Քաղաքում ինչ-որ մեկը լուրեր է տարածել, թե իբր տեղի բնակիչներին ռուսական անձնագրեր են բաժանելու։ Ինչ-որ մեկը դրա հետ է կապում ապագայի խաղաղ կյանքի հույսը։

Բնակիչների վերադարձը

Քաղաքում մնացած սակավաթիվ բնակիչները մեզ հետ զրույցում նշում են, որ մոտակա մեկ-երկու ամսում մյուսների վերադարձն իմաստ չունի։ Շատ տներ քանդված են կամ մասամբ վնասված, գազամատակարարումը վերականգնված չէ, տներում ցուրտ է։

Չնայած իշխանությունների հայտարարություններին, որ վերադարձողներին կտեղավորեն հյուրանոցներում և ազատ տներում, ակնհայտորեն դրանք չեն բավարարի։

Խավարից դուրս եկող քաղաքը, կամ Ստեփանակերտում խնդիրները շատ են, բայց մեկն ամենակարևորն է

Եվ հարցը միայն Ստեփանակերտի բնակիչների վերադարձը չէ։ Կան նաև Հադրութի, Շուշիի, Քարվաճառի բնակիչները։ Պատերազմից անգթորեն տուժած քաղաքը պարզապես ի վիճակի չէ միաժամանակ այդքան բնակիչ ընդունել։ Անգամ եթե նրանք ցանկանան վերադառնալ, մինչդեռ դա էլ դեռ միանշանակ պարզ չէ։

Երեկ երեկոյան Ստեփանակերտ տանող հյուսիսային ճանապարհով մեքենաների շարասյուներ էին ընթանում։ Ամեն օր քաղաքում ավելի ու ավելի շատ խանութներ են բացվում, ավելի ու ավելի շատ ավտոմեքենաներ ու մարդիկ են հայտնվում։

Ստեփանակերտում մոտ 2000 քաղաքացիական բնակիչ կա, բայց նրանց թիվն ավելանում է. փոխքաղաքապետ

Բայց քաղաքից հեռացած բնակիչների համար դեռևս շատ բան է անհասկանալի ու անհայտ։ Եվ առաջին հերթին ոչ այնքան կենցաղային խնդիրները, այլ Լեռնային Ղարաբաղի քաղաքական ապագային վերաբերող հարցերը։

Իսկ այդ հարցի համար դեռ ոչ ոք հոդաբաշխ պատասխան չունի։