Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի «սեփական կետը»

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է ապրի Լեռնային Ղարաբաղում, և ԼՂ-ի կարգավիճակի հարցը նոր սրությամբ ու նոր կարևորությամբ պետք է դրվի բանակցային գործընթացի հիմքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա առցանց ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում պետք է կենտրոնանա ԼՂ-ի կարգավիճակի հարցի վրա։ Նա այդ մասին խոսեց` պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչ նկատի ուներ, երբ հայտարարում  էր, որ ԼՂ-ի շուրջ բանակցությունները սկսելու է սեփական կետից, որն է հիմա այդ սեփական կետը բանակցություններում։

«Մենք պետք է վերլուծենք և ձևակերպենք այն  օրակարգը, որը մենք ունենք այսօրվա իրավիճակի շուրջ և պետք է սպասարկենք այդ օրակարգը՝ մասնավորապես կենտրոնանալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի վրա, ամենակարևոր խնդիրն այն է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է ապրի ԼՂ-ում և ԼՂ կարգավիճակի հարցը մեզ համար նոր սրությամբ և նոր կարևորությամբ պետք է դրվի բանակցային գործընթացի հիմքում։ Ինչպես նաև հումանիտար հարցերը, ինչպես նաև կումունիկացիոն, տրասնպորտային հարցերը և այսպես շարունակ»,-ասաց վարչապետը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Տեղի է ունենում բանակցային նոր օրակարգի ձևավորման գործընթաց. Փաշինյան

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: